Հունիսի 10-ին Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլիի գլխավորած պատվիրակությունը այցելեց «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի գործընկերներին։
Պատվիրակությանն ուղեկցում էին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքում պատվիրկությունն այցելեց ծրագրի մասնավոր հատվածի գործընկեր Սևակ Սահակյանի անասնաբուժական դեղատուն, հանդիպեց աշկերտություն անցնող Բերդի բազմագործառութային պետական քոլեջի անասնաբուժություն երկրորդ կուրսի մի խումբ ուսանողներին։
Քննարկվեցին դուալ կրթական ուսուցման կազմակերպման, աշկերտների աշխատանքի գնահատման և վարձատրության, ինչպես նաև քոլեջ-գործատու համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Այնուհետև պատվիրակությունն այցելեց Տավուշի մարզի Բերդ քաղաք, որտեղ ծրագրի ՄԿՈՒ գործընկեր Բերդի բազմագործառութային պետական քոլեջի ղեկավար կազմի և դասավանդողների հետ քննարկեց ՄԱՎԵՏԱ ծրագրի ազդեցությունը քոլեջում ուսուցման կազմակերպման, ծրագրային միջամտությունները, դուալ ուսուցմամբ ներդրված մասնագիտություններով առկա իրավիճակը, ընթացիկ խնդիրները, դասավանդողների վերապատրաստմանը և մասնավոր հատվածի հետ փոխգործակցությանը վերաբերող այլ հարցեր։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

