NEWSARM

IADAAM Գյուղատնտեսական կառավարման առաջնորդության և հաղորդակցության նոր հորիզոններ

2025 թվականի հունիսի 7-ին և 8-ին «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում հաջողությամբ անցկացվեցին երկու թեմատիկ ինտենսիվ դասընթացներ, որոնք նախատեսված էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական վարչությունների անձնակազմի համար` նպաստելու նրանց առաջնորդման, հաղորդակցման և բանակցային հմտությունների զարգացմանը՝ ինչպես անհատական, այնպես էլ թիմային մակարդակով։

Դասընթացները վարեց քաղաքական գիտությունների թեկնածու Մագդա Արսենյանը, ում փորձառու և մասնագիտացված մոտեցումը նպաստեց մասնակցիների ներգրավվածության բարձր մակարդակին և դասընթացների նպատակների արդյունավետ իրագործմանը։

Հունիսի 7-ին անցկացվեց «Առաջնորդություն հանրային կառավարման համակարգում. ինքնաճանաչումից մինչև ճգնաժամերի արդյունավետ կառավարում» դասընթացը, որի շրջանակում մասնակիցները համակողմանիորեն ուսումնասիրեցին հանրային կառավարման ոլորտում առաջնորդության հիմնարար սկզբունքները, սոցիալ-հոգեբանական գործոնների դերը կառավարման գործընթացներում, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների կանխարգելման և արդյունավետ արձագանքման ռազմավարությունները։

Հունիսի 8-ին կայացավ «Հաղորդակցություն, բանակցություններ և կոնֆլիկտների կարգավորում» թեմայով դասընթացը, որի ընթացքում շեշտադրվեցին արդյունավետ հաղորդակցության մեխանիզմները՝ հաղորդակցման եղանակների, ռազմավարական պլանավորման, թվային և հեռավար հաղորդակցման, ակտիվ ունկնդրման, հանրային խոսքի և հետադարձ կապի թեմաներ՝ տեսական ու գործնական բաղադրիչներով։ Միաժամանակ, սույն դասընթացի շրջանակներում մասնակիցները կծանոթանան բանակցային տարբեր մոդելների, կոնֆլիկտների կարգավորման ռազմավարություններին և համոզման տեխնիկաներին։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։