NEWSARM

IADAAM Գյուղատնտեսության միասնության ուղիով՝ կոոպերացիաների զարգացման նոր հեռանկարներ Հայաստանում

2025թ․ հոկտեմբերի 21-ին կայացավ «Միասնության սերմեր․ Հայաստանի գյուղատնտեսության զարգացում կոոպերացիաների և կոոպերատիվների միջոցով» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մասնագետների կարողությունների զարգացման նպատակով։

Աշխատաժողովը համախմբեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան մասնագետներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին և ոլորտի փորձագետներին՝ քննարկելու Հայաստանում գյուղատնտեսական կոոպերացիաների և կոոպերատիվների ներկա վիճակը, դրանց զարգացման հեռանկարները և նորարարական մոդելները։

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում կոոպերացիաների և կոոպերատիվների արդյունավետության բարձրացման ուղղություններին, կլիմայի փոփոխությանը հարմարվողականության, հողերի միավորման և բարձրարժեք գյուղատնտեսության խթանման քաղաքական գործիքներին։ Քննարկումները նպաստեցին նաև ոլորտային քաղաքականության բարելավման և պետական ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանն ուղղված նոր գաղափարների ձևավորմանը։

Աշխատաժողովի ընթացքում նաև ներկայացվեցին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Կենդանիների, Գյուղատնտեսության և Ձկնորսության նախարարության (MGAP) ներկայացուցիչների հաջողված փորձերը՝ գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման և կառավարման ոլորտում։ Աշխատաժողովին ներկա էր նաև Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Սիլվանա Լեսկա Բարոլինը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով Ուրուգվայի փորձի և Հայաստանի գյուղատնտեսական համակարգի միջև համագործակցության հնարավորությունների կարևորությունը։ Ուրուգվայի օրինակով մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու արդյունավետ կառավարման և կոոպերատիվների կայունացման միջազգային մեխանիզմներին։

Աշխատաժողովը դարձավ արդյունավետ հարթակ փորձի, գիտելիքի և գաղափարների փոխանակման համար՝ հաստատելով, որ կոոպերացիան Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացման առանցքային պայմաններից է։ Այս աշխատաժողովը կարևոր քայլ էր գյուղատնտեսական կոոպերացիաների վերաբերյալ քաղաքականության բարելավման և պետական ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ ընդգծելով գործընկերության և միասնականության դերը ոլորտի կայուն առաջընթացի ապահովման գործում։

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման եւ ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։