NEWSARM

IADAAM Կաթիլային ոռոգման փորձառություն Արարատի մարզից

Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում (IADAAM) ծրագրի շրջանակում Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության (AEST) Վեդիի համակարգող Վարդան Իվանյանի գլխավորությամբ Վեդիի և Արտաշատի AEST թիմերը համատեղ աշխատանքային այց կատարեցին բարձրարժեք արժեշղթաներ մշակող ֆերմերներին, ովքեր ակտիվորեն կիրառում են կաթիլային ոռոգման համակարգեր։

Ֆերմերները մանրամասն ներկայացրին իրենց փորձառությունը և շեշտադրեցին կաթիլային ոռոգման կարևորությունները՝ ընդգծելով հետևյալ հիմնական առավելությունները․

🔹 Ջրի խնայողություն՝ մինչև 40-60% պակաս ջրօգտագործում՝ համեմատած ավանդական մեթոդների հետ

🔹 Արդյունավետ սնուցում (ֆերտիգացիա)՝ ջրի հետ միաժամանակ բույսերին մատակարարվում են անհրաժեշտ սննդանյութեր

🔹 Բարձր բերքատվություն՝ կայուն խոնավությունը նպաստում է առողջ աճին

🔹 Մոլախոտերի վերահսկում՝ միայն մշակաբույսերն են ստանում խոնավություն

🔹 Հողի էրոզիայի կանխարգելում՝ ջրի կայուն հոսքը չի վնասում հողի կառուցվածքը

🔹 Ավտոմատացման հնարավորություն՝ համակարգը կարելի է հեշտությամբ ինտեգրել ժամանակակից տեխնոլոգիաների հետ

🔹 Հարմար տարբերակ բարդ ռելիեֆում՝ արդյունավետ նաև բլրոտ և անհարթ տարածքներում

🔹 Էկոլոգիական անվտանգություն՝ խուսափում ենք ջրի վատնումից, աջակցում ենք կայուն գյուղատնտեսությանը

Ֆերմերները բարձր գնահատեցին գյուղաջակցության խորհրդատվական ծառայության դերը՝ ընդգծելով դրա նշանակությունը իրազեկվածության բարձրացման և մասնագիտական ուղեցույցի տրամադրման գործում, ինչը նպաստում է արդյունավետ որոշումների կայացմանը գյուղատնտեսական գործունեության ընթացքում։ Նրանք նշեցին, որ ունեն շարունակական խորհրդատվական աջակցության կարիք։ Արդյունքում, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ հետագա անհատական և խմբային խորհրդատվական հանդիպումների կազմակերպման վերաբերյալ։ Ֆերմերները նաև ընդգծեցին իրենց պատրաստակամությունը հյուրընկալելու այլ ֆերմերների փորձի փոխանակման այցերի ընթացքում և կիսվելու իրենց մասնագիտական փորձով ֆերմերների համար նախատեսված IADAAM AEST դասընթացներին՝ ներկայացնելով կաթիլային ոռոգման և ջրավազանների կիրառման արդյունավետությունը։

Աշխատանքային այցի ընթացքում IADAAM AEST Վեդիի և Արտաշատի թիմերը վերհանեցին մի շարք առանցքային խնդիրներ, որոնք պահանջում են օպերատիվ արձագանք և համակարգված միջամտություն՝

▪️ Թունաքիմիկատների արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն

▪️ Աշխատուժի պակաս և աշխատանքի կազմակերպման մարտահրավերներ

▪️Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանում

▪️ Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման և տեխնիկական հմտությունների զարգացման կարիք

Այսպիսի այցերը ոչ միայն խթանում են ֆերմերների ներգրավվածությունը ծրագրին, այլև ապահովում են տվյալների և խնդիրների գրագետ վերլուծություն՝ նպատակ ունենալով գտնել կենսունակ և երկարաժամկետ լուծումներ։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։