Հունիսի 30-ին կայացավ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի փակման և արտաքին գնահատման արդյունքների ամփոփման միջոցառումը:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանն իր խոսքում նշեց, որ անասնապահության զարգացման ծրագրերը կազմակերպության ուշադրության կենտրոնում են առավել քան երկու տասնամյակ և «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրը նախորդների տրամաբանական շարունակությունն էր։ Մկրտիչ Այվազյանը բարձր գնահատեց նաև ծրագրային թիմի կատարած հետևողական աշխատանքը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը բարձր գնահատեց ՌԶԳ ՀԿ-ի գործունեությունը և անասնապահության զարգացման ծրագրերը Հայաստանում ոլորտի վերափոխման և արդիականացման ուղղությամբ։
Ավստրիայի զարգացման գործակալության Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանն իր ելույթում ընդգծեց ծրագրի երկարաժամկետ ազդեցություն ունենալու կարևորությունը և միջազգային լավագույն փորձի ինտեգրումը Հայաստանում։
«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ամփոփեց ծրագրային միջամտությունները սահմանված վերջնարդյունքների ապահովման տեսանկյունից և նշեց, որ ծրագրի արտաքին գնահատումն իրականացրել է «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ-ն։
Ընկերության փորձագետներ Պարույր Ասատրյանն ու Տաթև Մկրտչյանը ներկայացրին գնահատման արդյունքները՝ շեշտելով, որ ուշադրության կենտրոնում են եղել միջամտությունների արդյունավետությունը, կայունությունը, ռեսուրսների նպատակային օգտագործումը և սոցիալական ազդեցությունը:
Ծրագրի հիմնական արդյունքներից են․
- ՀՀ երեք մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում և Սյունիքում, իրականացված գործողությունները ներառել են 70 բնակավայրեր։
- Կենդանիների առողջության բարելավման, կաթի որակի բարձրացման և արտադրողականության աճի շնորհիվ շահառուները արձանագրել են եկամտի աճ և զբաղվածության նոր հնարավորություններ:
- Ծրագրային որոշ միջամտություններ այժմ ընդգրկված են «Խելացի անասնագոմի», մթերատվության բարձրացման, կերարտադրության խթանման և արոտային ենթակառուցվածքների բարելավման պետական աջակցության ծրագրերում։
- Համընդհանուր խաչվող թեմաների, այդ թվում՝ շրջակա միջավայրի պաշտպանության, կլիմայի փոփոխության, գենդերային հավասարության և խոցելի խմբերի կարիքների հասցեագրումը։
Ծրագրի եզրակացության մեջ շեշտադրվում է, որ նախնական ճիշտ պլանավորումը, շահառուների ակտիվ ներգրավվածությունը, ոլորտային համագործակցությունը և պետություն-հասարակական հատվածի համատեղ ջանքերը եղել են հաջողության գրավականը։
«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի` Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

