«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում համատեղ այց է իրականացվել Փարաքարի համայնք, որին հաջորդել է դաշտային այց Նորակերտի և Բաղրամյանի ոռոգման համակարգերի տարածք: Պատվիրակության կազմում էին IADAAM ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանը, IADAAM թիմի ղեկավար Ստեֆան Ռոզնոուն, AEST Արմավիրի համակարգող Վարդան Համբարձումյանը, AEST Արմավիրի թիմը և Նորակերտի և Բաղրամյան համայնքների ղեկավարները։ Քննարկման հիմնական առանցքը Բաղրամյանի և Նորակերտի համայնքների 620 հեկտար ոռոգվող գյուղատնտեսական հողատարածքների արդյունավետ շահագործումն ապահովելու նպատակով չորս ֆիլտրացիոն համակարգերի տեղադրման հարցն էր։ Այս ֆիլտրերն էական նշանակություն կունենան արդյունավետ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման և կայուն գյուղատնտեսական արտադրության խթանման գործում։
Այցի հիմնական շեշտադրումները՝
🔹 Փարաքարի համայնքապետարանում կայացած հանդիպումը խթանեց բաց և կառուցողական երկխոսություն՝ ոռոգման ծառայությունների բարելավման ուղղությամբ արդյունավետ համագործակցության հնարավորությունների շուրջ։ Համայնքի ղեկավարությունը արտահայտեց իր հետաքրքրվածությունն ապագա գործընկերության նկատմամբ՝ գնահատելով ծրագրի ներուժը՝ որպես տարածաշրջանում գյուղատնտեսական կարողությունների զարգացման կարևոր խթան։
🔹 Դաշտային այցի ընթացքում թիմը կատարել է առկա, սակայն ներկայումս դեռևս չգործող խողովակաշարային համակարգի ուսումնասիրություն, ինչպես նաև գնահատել է ֆիլտրման կայանների տեղադրման վայրերը։ Չնայած խողովակաշարային ցանցերի որոշ հատվածներ շարունակում են կիրառվել ավանդական ակոսային ոռոգման նպատակով, տարածքն ունի զգալի ներուժ՝ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման և ընդլայնման համար։ Հատուկ ուշադրություն է դարձվել ֆիլտրման համակարգերի ժամանակին ձեռքբերման անհրաժեշտության վրա, ինչպես նաև քննարկվել են ֆերմերային խմբերի ներգրավմամբ ներդրումների համաֆինանսավորման հնարավոր մեխանիզմները։
🔹 Բաղրամյանի համայնքային գրասենյակում ծրագրի ներկայացուցիչները հանդիպեցին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և ֆերմերների հետ, ովքեր ընդգծեցին իրենց պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը ծրագրի շրջանակում հետագա համագործակցության հարցում։ Քննարկվեցին գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման հնարավորությունները, ինչպես նաև նոր՝ բարձրարժեք մշակաբույսերի (օրինակ՝ պիստակ) աճեցման պոտենցիալի ուսումնասիրությունը։ Նորաբաց համայնքային գրասենյակը պատրաստ է շահագործման, և այս պահին ընթանում են կազմակերպչական աշխատանքներ կաթիլային ոռոգման դաշտային ցուցադրության օրվա կազմակերպման ուղղությամբ՝ նպատակ ունենալով տեղական ֆերմերներին ծանոթացնել ժամանակակից ոռոգման տեխնոլոգիաներին։ Բացի այդ, 2025թ. սեպտեմբերին նախատեսվում է կոոպերատիվների զարգացման հնարավորություններին նվիրված տեղեկատվական սեմինար։
Մեր հաջորդ քայլերը՝
- Ներկայացնել դիմում ԾԻԳ-ին՝ ֆիլտրման համակարգերի ձեռքբերման հաստատման և անհրաժեշտ տեխնիկական աջակցության տրամադրման նպատակով։
- Տարածել ծրագրի հաղորդակցման հարթակները համայնքային ղեկավարների շրջանում՝ նպաստելով նրանց շարունակական ներգրավվածությանը ծրագրի գործընթացներում։
- Կազմակերպել գործնական ցուցադրություններ և կարողությունների զարգացման հանդիպումներ՝ ուղղված շահագրգիռ ֆերմերային խմբերի կարողությունների բարձրացմանը։
Այս այցը նշանակալի քայլ էր թիրախային տարածքում ջրային ռեսուրսների կայուն կառավարման, կլիմայի փոփոխությանն ադապտացված գյուղատնտեսական պրակտիկայի ներդրման և համապարփակ գյուղական զարգացման խթանման ճանապարհին։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

