Մարտի 27-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում կայացավ «ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության բաժինների վերլուծություն» աշխատաժողովը։ Աշխատաժողովը վարեց IADAAM ծրագրի քաղաքականության գծով փորձագետ, Սերբիայի գյուղատնտեսության, անտառային և ջրային տնտեսության նախկին նախարար և նախկին փոխվարչապետ՝ Իվանա Դուլիչ Մարկովիչը։
Քննարկման հիմնական թեմաներն էին՝
✅ քաղաքականության ձևավորման և իրականացման գործընթացների համապարփակ վերլուծություն,
✅ ժամանակակից մարտահրավերներ և հնարավոր լուծումներ,
✅ սննդի անվտանգության և գյուղաջակցության խորհրդատվության ծառայության դերը, վերջինիս հիմնական գործառույթներն ու պատասխանատվության ոլորտները,
✅ հաջողված միջազգային փորձի և ռազմավարական առաջարկությունների ներկայացում։
Աշխատաժողովը կարևոր հարթակ էր՝ ոլորտի բարելավման ուղիներ նախանշելու համար։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

