«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում օգոստոսի 28-ին տեխնիկական աջակցություն տրամադրվեց ծրագրի գործընկեր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջին։
Քոլեջի անձնակազմին և ուսանողներին, մասնավոր հատվածի գործընկերներին ողջույնի իր խոսքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը ընդգծեց, որ ծրագիրը շարունակելու է օրակարգում պահել քոլեջների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և տեխնիկական վերազինման խնդիրները՝ ՄԿՈՒ-ն ու գյուղատնտեսական մասնագիտություններն ուսանողների համար ավելի գրավիչ դարձնելու համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը կարևորեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցությունը և ՄԱՎԵՏԱ ծրագրի դերը դուալ մոտեցմամբ կրթական համակարգի ներդրման ու զարգացման գործում։
Ելույթներով հանդես եկան քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը, մասնավոր հատվածի գործընկերներ, ուսանողներ։
ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը ստորագրեցին հանձնման-ընդունման ակտ, որին հաջորդեց տեխնիկայի հանձնման պաշտոնական արարողությունը։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: