«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում 2024 թ․ օգոստոսի 23-ին Անգեղակոթ բնակավայրում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ։
Տոնավաճառին առանձին տաղավարներով մասնակցեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի մի շարք գործընկերներ մասնավոր հատվածից և գյուղատնտեսական քոլեջները, այլ գործատուներ, որոնք ներկայացրեցին իրենց արտադրանքը և թափուր աշխատատեղերի ցանկը։
Ողջույնի խոսքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը շեշտեց, որ այս փառատոնի նպատակը գյուղատնտեսական ոլորտի գործատուներին և աշխատանք փնտրողներին մեկ հարթակ բերելն էր, ինչպես նաև գյուղատնտեսական մասնագիտությունների խրախուսումը։
Ներկաներին ողջունեցին նաև Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Կարապետյանը, Անգեղակոթ բնակավայրի ղեկավար Արմենակ Մարկոսյանը և Միասնական սոցիալական ծառայության Սիսիանի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Նաիրա Սարգսյանը։
Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցելով` ապահովվեց Գորիսի և Սիսիանի համայնքների գործազուրկ և աշխատանք փնտրող քաղաքացիների մասնակցությունը՝ ավելի քան 70 հոգի։
Տոնավաճառն ուղեկցվում էր մշակութային ծրագրով։ Առանձին համերգային համարներով ելույթ ունեցան Սիսիանի ժողգործիքների նվագախումբը, պարային խմբեր, անհատ կատարողներ։ Ավարտին անցկացվեց ավանդական խաղերի մրցույթ։
«Լավագույն ձևավորված տաղավար» անվանակարգում հաղթեց Էլոլա ընկերությունը։ Մրցանակների արժանացան միջոցառման կազմակերպման աջակիցները։
Տոնավաճառը կազմակերպեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ համագործակցելով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի հետ։