«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում օգոստոսի 29-ին Երևանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ «Ուսումնական ծրագրերի մշակման ընթացքում ծագած մարտահրավերներն ու խոչընդոտները» թեմայով։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒԶԱԿ-ի, ծրագրի գործընկեր քոլեջների և մասնավոր հատվածի ներկայացուցիչները։
ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ մանկավարժներին, ոլորտի փորձագետներին և շահագրգիռ կողմերին համախմբելով՝ նպատակ ունեն համապատասխանեցնել ուսումնական ծրագիրը ոլորտի կարիքներին, խթանել շահագրգիռ կողմերի արդյունավետ ներգրավվածությունը, ուսումնասիրել ծրագրերի տեսական ու գործնական բովանդակությունը՝ հավասարակշռելու նորարարական մոտեցումները:
Խմբային աշխատանքի միջոցով հանդիպման մասնակիցները փորձեցին լուծումներ տալ սահմանափակ ռեսուրսների պարագայում ուսումնական գործընթացի կազմակերպման, նոր տեխնոլոգիաներ ինտեգրելիս դրանց կրթական չափանիշներին ու կանոնակարգերին համապատասխանեցման ժամանակ ծագող խնդիրներին:
Ուշադրություն է դարձվել կայուն գնահատման մեխանիզմների ստեղծման և միջդիսցիպլինար ինտեգրման խթանմանը՝ նպատակ ունենալով ստեղծել դինամիկ և հարմարվող ուսումնական ծրագիր, որը կհամապատասխանի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային պահանջներին:
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: