NEWSARM

Մոնբելյարդ ցեղի երինջների ներմուծում «Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս-2» ծրագրի շահառու ֆերմերների համար

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս-2» ծրագրի շահառու ֆերմերների համար հուլիսի 9-ին Ֆրանսիայից Հայաստան ներմուծվեց մոնբելյարդ ցեղի 64 գլուխ երինջ: Այս ցեղն առանձնանում է բարձր մթերատվությամբ, վարում է արոտային կենսակերպ և դիմակայուն է Հայաստանի բնակլիմայական պայմաններին։

Ընթացիկ տարվա հունիսին մի խումբ  առաջատար ֆերմերներ, ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ,  փորձի փոխանակման այց են կատարել Ֆրանսիա։ Այցի ընթացքում հայ ֆերմերները ծանոթացել են աշխարհի ամենամեծ և ամենանորարարական մոնբելյարդ ցեղի բուծման ծրագիրն իրականացնող «Կուպեքս Մոնբելյարդ» ընկերության գործունեությանը,  այս խոշոր եղջերավոր կենդանիների պահման առանձնահատկություններին և ընտրել երինջներին։

Երինջների ձեռքբերումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ` Հայաստանում 2019-2024 թթ․ տավարաբուծության ծրագրի շրջանակներում։ Սա ռազմավարական ներդրում  է՝ ուղղված Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գենետիկական որակի և արտադրողականության բարելավմանը, որն արտացոլում է ծրագրի հանձնառությունը՝ խթանելու տեղական գյուղատնտեսական փորձը համաշխարհային համագործակցության միջոցով: