NEWSARM

Գործնական դասընթաց և փորձի փոխանակում Լոռու մարզի ֆերմերների համար

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն Լոռու մարզի կարտոֆիլ, ցորեն, գարի աճեցնող ֆերմերների համար հուլիսի 4-6-ը կազմակերպեց գործնական դասընթաց և փորձի փոխանակում։

Ֆերմերներին ներկայացվեցին կարտոֆիլի տեսակները, կիրառվող նորարարական տեխնոլոգիաները, ագրոէկոլոգիական վնասատուների դեմ պայքարի միջոցները, բույսերի պաշտպանության և ֆիտոֆտորայի կառավարման առանձնահատկությունները։

Գործնական պարապմունքի շրջանակներում ծրագրի գործընկեր,  Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի պրոֆեսոր Յոհաննես Բրունները և Շվեյցարիայի գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնի կարտոֆիլի փորձագետ Ռուդի Շվերցելը տեղացի ֆերմերների հետ իրականացրեցին շվեյցարական աշնանացան ցորենի մի քանի տեսակների փորձնական ցանք՝ ստուգելու, թե որ տեսակն ավելի դիմակայուն կլինի Հայաստանի բնակլիմայական պայմաններում։

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում հուլիսի 4-5-ը ռեսուրսախնա գյուղատնտեսության կարճաժամկետ դասընթաց կազմակերպվեց Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի դասավանդողների և Լոռու մարզի հետաքրքրված ֆերմերների համար։

Հուլիսի 5-ին «Սքայ Ագրո» ընկերության հետ համատեղ դրոնի ցուցադրական թռիչք իրականացվեց Լոռու մարզի ֆերմերների և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի դասավանդողների համար ծրագրի գործընկեր Լիպարիտ Նալբանդյանին պատկանող Կուրթան գյուղի կարտոֆիլի դաշտում։ Դրոնի օգնությամբ կատարվեց սնկային հիվանդությունների դեմ սրսկում։