HomePageARM, NEWSARM

Թվային մարքեթինգի դասընթաց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» անդամների համար

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում «Թվային մարքեթինգ»թեմայով դասընթաց անցկացվեց «Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի» անդամ մի շարք ընկերությունների համար:

Տասնօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին կազմել զբոսաշրջային բիզնես ուղղվածությամբ մեդիա մարքեթինգի ռազմավարություն և չափել դրա արդյունավետությունը, բարելավել թվային գործիքների պրակտիկ կիրառման հմտությունները, կայքերը վարել առավել արդյունավետորեն, կիրառել SEO օպտիմալացման և վերլուծության գործիքներ:

«Դասընթացի արդյունքում մասնակիցներն ընդլայնեցին թվային մարքեթինգի ուղղությունների, հարթակների վերաբերյալ իրենց գիտելիքները, ունեցան քննարկումներ, փորձի փոխանակում, առաջադրեցին նոր գաղափարներ: Դասընթացի ամփոփիչ թեստավորման արդյունքում պարզ դարձավ, որ մասնակիցների առնվազն 90 տոկոսը գերազանց յուրացրել է նյութը և կարող է գիտելիքները կիրառել ի նպաստ ընկերության մարքեթինգի զարգացման: Բոլոր մասնակիցները նշել են, որ դասընթացն արդյունավետ էր թե՛ տեսական ու կիրառական գիտելիքների փոխանցման, թե՛ փորձի փոխանակման տեսանկյունից», – մեկնաբանեց դասընթացավար, DM Consulting ընկերության հիմնադիր-տնօրեն, թվային մարքեթինգի որակավորված մասնագետ Գայանե Դալլաքյանը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ծրագրերի ղեկավար Աշոտ Գասպարյանն էլ նշեց․ «Թվային մարքեթինգ դասընթացի մասնագետների պատրաստվածությունը, ինչպես նաև ուսումնական մեթոդաբանությունը արժանի է բարձր գնահատականի։ Դասընթացի բոլոր թեմաներն ակտուալ էին և բավարարում էին ներկայիս շուկայական պահանջներին: Վստահ եմ, որ տեսական և գործնական գիտելիքների այն բազան, որ ստացանք դասընթացի ընթացքում, կնպաստեն յուաքանչյուրիս կազմակերպության առաջխաղացմանը»:

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացնում է ՌԶԳ ՀԿ-ը՝ Sida-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ: