HomePageARM, NEWSARM

Վայոց Ձորում անցկացվեց «Արշավային տուրիզմ» չորսօրյա դասընթացը

2021 թվականի հունիսի 15-18-ը Վայոց Ձորի մարզում անցկացվեց «Արշավային տուրիզմ»  դասընթացը, որը մշակվել և կազմակերպվել է Հայ լեռնագնացների միություն հասարակական կազմակերպության կողմից «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության կողմից SIDA-ի գործընկեր  HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ:

«Արշավային տուրիզմ»  դասընթացի մոդուլը համակցում է գործնական և տեսական մեթոդներ՝ երաշխավորելով մատուցվող նյութի արդյունավետ իրացումը։ Դասընթացի նպատակն է մասնակիցներին վերազինել կիրառելի գիտելիքներով՝ նպաստելով զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող մարզում ոլորտային կադրերի ինքնաբավությանը և  (ինքնա)զբաղվածության բարելավմանը։

Չորսօրյա դասընթացի արդյունքում մասնակիցները ծանոթացան արշավային տուրիզմի հիմնական միտումներին, մեծ տարածում ստացած հավելվածներին և անվտանգության բոլոր կանոններին, մշակեցին համապատասխան զբոսաշրջային փաթեթներ։ Դասընթացի վերջին օրը կազմակերպվեց արշավ դեպի Սպիտակավոր վանք։ Արշավի ընթացքում մասնակիցները գործնականորեն կիրառեցին ստացված գիտելիքները՝ խորապես ծանոթանալով արշավային խմբին առաջնորդելու, անվտանգ արշավ կազմակերպելու կանոններին։ Արշավի մասնակիցների ջանքերով վերականգնվեց նաև դեպի Սպիտակավոր տանող արահետի կամուրջներից մեկը։