HomePageARM, NEWSARM

Մասնագիտական կողմնորոշման դասընթացաշարի մեկնարկը տրվեց Գյումրիում

Հունիսի 29-30 «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում Գյումրիում անցկացվեց «Մասնագիտական կողմնորոշում և կարիերայի առաջխաղացում» դասընթացը, որը մշակվել է ՌԶԳ ՀԿ-ի կողմից՝ ծրագրի գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ։

Դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշվելու և ներկայանալու հմտություններ, որոնք կնպաստեն անձի մրցունակության և աշխատունակության որակի բարձրացմանը:

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները վերլուծական ինտերակտիվ մեթոդների միջոցով բացահայտեցին սեփական ուժեղ կողմերը և ձեռքբերումները՝ դրանց հիման վրա կառուցելով ինքնաներկայացման անհատական բանաձևեր: Աշխույժ քննարկումների, խմբային աշխատանքի արդյունքում վերհանվեցին աշխատաշուկայում հանդիպող հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ստեղծարար տարբերակներ առաջարկվեցին: Դասընթացի շրջանակում ներկայացվեցին նաև CV և ուղեկցող նամակ կազմելու արդի պահանջները, հաջողված աշխատանքային հարցազրույցի որոշիչ նախապայմանները։

Դասընթացը շարունակական է լինելու՝ տարվա ընթացքում կազմակերպվելով Հայաստանի բոլոր մարզերի տարբեր բնակավայրերում։

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ: