«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում գործընկեր ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացման նպատակով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն հունվարի 14-ին 8 բարձրացեղ կով նվիրեց ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղին։
Հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցում էին Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը, ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը, ՄԱՎԵՏԱ ծրագրի մասնավոր հատվածի գործընկերներ, դասավանդողներ և ուսանողներ։
Ողջունելով ներկաներին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղին կից գործող գյուղատնտեսական կենտրոնում՝ մասնաճյուղի տնօրեն Գագիկ Խաչատրյանը կարևորեց ՄԱՎԵՏԱ ծրագրի աջակցությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրում իրականացվող դուալ ուսուցմամբ կրթության ներդրումը, նշելով, որ տոհմային կովերի ձեռք բերումը ևս մեկ քայլ է ուսանողների պրակտիկ ուսուցումը, նորարարական գյուղատնտեսության զարգացումը խթանելու համար։
Իր խոսքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը նշեց, որ ծրագիրը շարունակում է աշխատել գյուղատնտեսական մասնագիտությունների արդիականացման, քոլեջ-գործատու կապի ամրապնդման, աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագետների պատրաստման և միջազգային առաջատար փորձի հայաստանյան գործընկեր ՄԿՈՒ հաստատություններում ներդրման ուղղություններով։
ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանն իր ելույթում ընդգծեց ՄԱՎԵՏԱ ծրագրի շարունակական աջակցությունը՝ Երևանում և Սիսիանում ՀԱԱՀ ՄԿՈՒ հաստատությունների կարողությունների զարգացման գործում։ Այս համատեքստում Հ․ Զաքոյանը ՀԱԱՀ անունից շնորհակալագիր հանձնեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ին։
ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» բաժնի ուսանողները տեղում լաբորատոր փորձաքննության ենթարկեցին անասնաֆերմայում ստացված կաթի ֆիզիկաքիմիական ցուցանիշները և արձանագրեցին, որ դրանք համապատասխանում են պահանջվող նորմերին։
Ներկաները նաև մասնաճյուղի լաբորատորիայում պատրաստված պանիրը համտեսելու հնարավորություն ունեցան։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

