NEWSARM

Վահե Հովհաննիսյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկեց SEIRA ծրագիրը

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» SEIRA ծրագրի շրջանակներում հունվարի 13-ին ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը հանդիպեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Հանդիպմանը մասնակցում էին Կապանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատու Լուսինե Սարուխանյանը, մարզպետարանի աշխատակիցներ։

Հանդիպմանը Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց իրականացվող ծրագրի նպատակը, հիմնական ուղղվածությունը, ինչպես նաև ծրագրային այլ մանրամասներ, որով նախատեսվում է բարելավել և ընդլայնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի խոցելի բնակչության կարողությունները՝ զուտ մարդասիրական մոտեցումից դեպի երկարաժամկետ զարգացմանն անցում կատարելու համար։

Մարզպետը շնորհակալություն հայտնեց Ռազմավարական զարգացման գործակալությանը մարզում երկար տարիների աշխատանքի համար և հաստատեց համագործակցությունը շարունակելու իր պատրաստակամությունը։ Դրան հաջորդեց կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերելու և հետագա քայլերի ձեռնարկման վերաբերյալ քննարկումը։

SEIRA ծրագիրը՝ թիրախավորելով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը, ուղղված է Հայաստանում փախստականների և տեղացի խոցելի բնակչության կենսաապահովմանը և ճկունության բարձրացմանը։

 «Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։