NEWSARM

Այց ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերներին

Սեպտեմբերի 4-5-ը տեղի ունեցավ Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլիի գլխավորած պատվիրակության այցը «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի Սյունիքի մարզի գործընկերներին։

Պատվիրակությանն ուղեկցում էին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, բիզնես խորհրդատու Նարինե Աբրահամյանը։

Այցի ընթացքում նախատեսված էին հանդիպումներ ծրագրի գործընկերներ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենների, դասավանդողների ու դուալ կրթական մոտեցմամբ սովորող ուսանողների հետ։
Հանդիպումներին Ուրսուլա Լաուբլին հետաքրքրվել է ՄԱՎԵՏԱ ծրագրով ներդրված մասնագիտությունների գրավչությամբ ու պահանջվածությամբ, քոլեջ-մասնավոր հատված համագործակցությամբ, ինչպես նաև դուալ կրթական մոտեցմամբ ուսումնառության կազմակերպման ընթացքում ծագած մարտահրավերներով։

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությունը այցելել է նաև ծրագրի գործընկեր մասնավոր հատվածի մի շարք գործատուների, քննարկել նրանց ներգրավվածությունը ծրագրում, ծանոթացել նրանց արտադրանքին, քոլեջներից աշկերտներ ընդունելու գործընթացին և աշխատանքում ինտեգրելու մոտեցումներին։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: