Սեպտեմբերի 13-ին Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի (SDC) կողմից կազմակերպվեց «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար կոմիտեի երրորդ նիստը՝ նպատակ ունենալով քննարկել ծրագրի իրականացված գործողություններն ու արդյունքները:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը ֆինանսավորող և իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխնախարար Արաքսյա Սվաջյանը, ինչպես նաև GIZ Հայաստանյան գրասենյակի պորտֆոլիոյի ղեկավար Լետիցիա Կառնեվալին:
Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին նշեց, որ մասնագիտական կրթության, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի արդյունավետ բարեփոխումների համար առանցքային է պետական կառույցների և մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցությունը:
Այնուհետև Լիլիթ Հովհաննիսյանը (SDA), Նաիրա Վարդանյանը (HEKS) և Արամ Բաբայանը (GIZ) ներկայացրին ծրագրի շրջանակներում մինչ այժմ կատարված և հաջորդիվ իրականացվող գործողությունները, մարտահրավերները, ինչպես նաև դրանց լուծման հնարավոր ուղիները:
Քննարկմանը ներկայացվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար աջակցության ծրագիրը։
Ղեկավար կոմիտեի երրորդ նիստին քննարկվեցին նաև ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած մարտահրավերները և դրանց լուծման ուղիները, ծրագրային միջամտությունները՝ նախատեսված 2025 թվականի համար։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: