«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզի Վերնաշեն բնակավայրում տեղի ունեցավ «Փունջ» պահածոների համտեսի սրահի պաշտոնական բացման արարողությունը։
Արարողությանը ներկա էին Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լևոն Աղասյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ԼԻԼԱ ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը, ներգնա տուրիզմի ոլորտի մի շարք տուրօպերատորներ, հյուրեր։
Ողջույնի իր խոսքում Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին բարձր գնահատեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ երկար տարիների համագործակցությունը, ԼԻԼԱ ծրագրի կարևորությունը բնութահեն գյուղական բիզնեսներին ու ֆերմերներին աջակցելու և նոր աշխատատեղեր ստեղծելու տեսանկյունից:
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լևոն Աղասյանն իր ելույթում ընդծեց ծրագրի միջամտությունը գյուղի զարգացման, գյուղատնտեսության և կենսաբազմազանության քաղաքականությունը կառավարման ոլորտում, բնական ռեսուրսների վրա հիմնված արժեքային շղթայի հետևողական զարգացումը:
ԼԻԼԱ ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը հյուրերին ներկայացրեց «Փունջ» պահածոների գործարանի հետ համագործակցությունը ու ծրագրային օժանդակությունը՝ հավելելով, որ համտեսի սրահն իր տեսակով առաջինն է Հայաստանում: Նա նաև ընդգծեց, որ այս բիզնեսը տնտեսական մեծ խթան է համայնքի զարգացման համար, քանի որ ստեղծում է նոր աշխատատեղեր գյուղի բնակիչների համար և մեծ քանակի պտուղ, բանջարեղեն ու վայրի միրգ մթերում մարզի այլ համայնքների բնակիչներից ևս:
«Փունջ» պահածոների գործարանի տնօրեն Էդգար Բեգլարյանը նշեց ԼԻԼԱ ծրագրով ստացած աջակցությունը կարողությունների բարելավման ու տեխնիկական վերազինման տեսանկյունից, ինչն օգնել է ընտանեկան այս բիզնեսն ընդլայնել և նոր գաղափարները կյանքի կոչել:
Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին և ծանոթացան «Փունջ»-ի բացառիկ և հետաքրքիր զբոսաշրջային փորձառությանը՝ բարձրորակ պահածոների համտեսի, այգիներում և արտադրամասում շրջելու յուրահատուկ հնարավորությամբ։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: