2026թ. հունիսի 4-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում կայացավ հանդիպում գործընկեր քոլեջների հետ և համագործակցության հուշագրերի հանդիսավոր ստորագրման արարողություն, որը նշանավորեց ծրագրի զարգացման նոր փուլը։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը նպատակ ունի նպաստել գյուղատնտեսական մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի արդիականացմանը՝ խթանելով կրթության և աշխատաշուկայի միջև կապերի ամրապնդումը, մասնագիտական հմտությունների զարգացումը և մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը կրթական գործընթացներում։
Ծրագրի առաջին փուլում համագործակցություն էր հաստատվել վեց գործընկեր քոլեջների հետ, որոնց հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում հնարավոր դարձավ ներդնել և փորձարկել դուալ կրթության տարրերը՝ ստեղծելով կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի միջև առավել սերտ համագործակցության արդյունավետ մեխանիզմներ։ Այս փորձը հնարավորություն տվեց ոչ միայն գնահատել դուալ կրթության առավելություններն ու գործնական կիրառելիությունը, այլև բացահայտել առկա մարտահրավերները և մշակել դրանց հաղթահարման ուղիները։
Առաջին փուլի ընթացքում ձևավորված գործընկերային հարաբերությունները և գրանցված արդյունքները կարևոր հիմք դարձան ծրագրի հետագա ընդլայնման համար։ Հենց այդ հաջողված փորձի վրա հիմնվելով՝ ծրագրի երկրորդ փուլում գործընկեր քոլեջների թիվն ավելացել է՝ ներառելով ևս վեց ուսումնական հաստատություն։
Նոր գործընկերների ներգրավումը նշանակալի քայլ է ոչ միայն ծրագրի աշխարհագրական ընդգրկման ընդլայնման, այլև գյուղատնտեսական մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման տեսանկյունից։ Այն նաև վկայում է ծրագրի արդիականության, պահանջվածության և կայուն զարգացման ներուժի մասին։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, դուալ ուսուցման ներդրման փորձը, ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվեցին կրթական հաստատությունների և գործատուների համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։ Գործընկեր քոլեջների ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրին արձանագրված արդյունքները և անդրադարձան այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել ուսումնական գործընթացների կազմակերպման և գործնական ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Միջոցառման առանցքային հատվածը համագործակցության հուշագրերի ստորագրումն էր, որը հիմք է դնում գործընկերության նոր փուլին։ Ստորագրված հուշագրերը կնպաստեն կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի և ոլորտային կառույցների միջև համագործակցության խորացմանը, ուսանողների համար գործնական ուսուցման նոր հնարավորությունների ստեղծմանը և գյուղատնտեսության ոլորտում պահանջված մասնագետների պատրաստմանը։
ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում ձևավորված այս համագործակցությունը կարևոր ներդրում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում մարդկային կապիտալի զարգացման գործում։ Միավորելով կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի գործընկերների ջանքերը՝ ծրագիրը շարունակում է նպաստել ժամանակակից, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կրթության համակարգի ձևավորմանը և երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։
Ծրագրի ընդլայնումը ևս մեկ անգամ փաստում է, որ արդյունավետ գործընկերությունը, գործնական ուսուցման զարգացումը և կրթության ու աշխատանքի միջև ամուր կապերի ստեղծումը հանդիսանում են գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման կարևոր նախադրյալներ։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը:

