NEWSARM

Հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի կարողությունների զարգացում՝ IADAAM ծրագրի շրջանակում

Հայաստանում Հարավամերիկյան ցեց (Tuta absoluta) վնասատուի տարածման աճող ռիսկերը պահանջում են արագ արձագանք և արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների կիրառում։ Հենց այս նպատակով IADAAM ծրագրի շրջանակում կազմակերպվել է տեսական և գործնական դասընթացների շարք, որի նպատակն է բարձրացնել ֆերմերների և ոլորտի մասնագետների իրազեկվածությունն ու կարողությունները՝ վնասատուի վաղ հայտնաբերման, մշտադիտարկման և արդյունավետ կառավարման ուղղությամբ։

Մայիսի 25-ին Վեդիում, ինչպես նաև մայիսի 27-ին և 29-ին Արարատ քաղաքում հաջողությամբ իրականացվեցին «Հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացում» թեմայով տեսական և գործնական դասընթացները, որոնք կազմակերպվել էին Corner Business Platform-ի կողմից՝ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում։

Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան՝

🔹 Հարավամերիկյան ցեցի կենսաբանական առանձնահատկություններին, զարգացման փուլերին և տարածման ռիսկերին,

🔹 Վնասատուի վաղ հայտնաբերման, մշտադիտարկման և կանխարգելման արդյունավետ մեթոդներին,

🔹 Ֆերոմոնային թակարդների կիրառման գործնական մոտեցումներին,

🔹 Բույսերի պաշտպանության ինտեգրված միջոցառումներին և ոլորտում կիրառվող լավագույն փորձին։

Դասընթացի գործնական հատվածում իրականացվեցին դաշտային այցելություններ, ֆերոմոնային թակարդների ցուցադրական տեղադրումներ և մասնակիցների հետ փորձի փոխանակում՝ տեղում առկա խնդիրների և հնարավոր լուծումների քննարկմամբ։

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով: