InitiativesARM, ProjectPortfolioARM

«Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում»

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կիրականացնի «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» (REBCA) ծրագիրը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական սրացումների հետևանքով ուղղակիորեն տուժել են Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում Ադրբեջանին սահմանակից շրջանների 6 հայկական համայնքներ (ընդհանուր առմամբ 133 բնակավայր և 133165 մարդ), այդ թվում՝ տնտեսական կենսապահովման և պարենային ապահովության առումով։

«Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի նպատակն է բարելավել Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) համայնքների սահմանամերձ բնակավայրերի ճգնաժամերին դիմակայելու կարողությունը՝ տրամադրելով մարդասիրական և տնտեսական աջակցություն։

Ծրագիրն երկու հիմնական բաղադրիչ ունի։ Առաջին բաղադրիչով նախատեսվում է սոցիալական աջակցության տրամադրում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած ընտանիքներին, իսկ երկրորդ բաղադրիչով՝ վերականգնողական աշխատանքների իրականացում։