Մեծ ընտանիքի բոլոր անդամների ջանքերի շնորհիվ միասնական նպատակը իրատեսական դարձավ

Վայոց Ձոր մարզի Ելփին գյուղական բնակավայրը ոչնչով չէր տարբերվի մարզի և Հայաստանի այլ բնակավայրերից, եթե այստեղ հիմնված չլիներ պանրի արտադրության յուրօրինակ արտադրամաս:

«Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվը, որը շուկայում ներկայանում է «ԱրտՉիզ» ապրանքանիշի ներքո, պանրի արտադրությունը սկսել է 2016թ.-ին՝ 3 աշխատակցի ներգրավմամբ: Կոոպերատիվի հիմնադիրներից՝ Արթուր Նազարյանը, ստանձնել է պանրի արտադրամասի գործունեության ղեկավարումը, իսկ կոոպերատիվի մնացած անդամները ներգրավված են ինչպես կաթի արտադրության, այնպես էլ վերամշակման և արտադրանքի իրացման գործընթացներում: Տարիների ընթացքում աշխատողների թիվն ավելացել է հասնելով տասի։ Միաժամանակ արտադրամասը նաև կաթ է մթերում տարածաշրջանի ֆերմերներից և հանդիսանում է եկամտի կայուն աղբյուր շուրջ 35 գյուղացիական տնտեսության համար:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ կոոպերատիվի աշխատակիցները մասնակցել են մի շարք մասնագիտական վերապատրաստումների, բարելավել են իրենց գիտելիքները կաթի արտադրության և վերամշակման ոլորտում, ստացել են անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և ձեռք բերված հմտություններն ու գիտելիքը ներդրել աշխատանքի մեջ։ Ծրագրի աջակցությամբ վերջին տարիներին իրականացվել է նաև արտադրամասի վերակառուցում՝ համապատասխանեցնելով սննդամթերքի արտադրության միջազգային ստանդարտներին և ավելացնելով արտադրական հզորությունները: Արդյունքում բարելավվել է արտադրանքի որակը, հիմք է դրվել նոր արտադրատեսակների արտադրությանը և շուկայահանմանը:

«Մեծ ընտանիքի բոլոր անդամների ջանքերի համատեղմամբ միասնական նպատակը՝ ավելի մեծ ճանաչման և սպառման հասնելը, շատ ավելի իրատեսական է դառնում: Մեր կայուն զարգացման և ձեռքբերումների գրավականն է հետևողական գործելակերպը և շարունակական ներդրումները` հզորությունների ընդլայնման, կաթի մթերման, արտադրական, շուկայահանման գործընթացների բարելավման ուղղությամբ: Երբ դեռ նոր էինք հիմնադրել կոոպերատիվը արտադրում էինք միայն ավանդական պանրի տեսակներ՝ լոռի, չանախ, անգամ չէինք էլ մտածում, որ կարելի է սկսել զբաղվել նաև բարձրարժեք պանիրների արտադրությամբ։ «Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում» և մի շարք այլ ծրագրերի հետ համագործակցության շնորհիվ, սկսեցինք արտադրել  նաև բարձրարժեք պանիրներ»,- նշում է Արթուր Նազարյանը։

Արդեն 2017թ-ին արտադրվել և փորձնական վաճառքի են հանվել պարմեզան և գաուդա տեսակի պանիրները և նկատվող պահանջարկից ելնելով դրանց արտադրական ծավալները տարեցտարի ավելանում են: Այսօր կոոպերատիվն արտադրում է 14 տեսակի պանիր և շուկայահանում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանի Դաշնությունում ու ԱՄՆ-ում։

Ամփոփելով` Արթուր Նազարյանն ասում է,-«Մեր աշխատանքի արդյունքում Ելփինի և հարակից բնակավայրերի բազմաթիվ ընտանիքներ արդեն վստահ քայլեր են անում անասնապահության զարգացման ուղղությամբ՝ հավատալով, որ ապագայում խնդիր չեն ունենա կաթի իրացման հետ կապված: Արտադրության զարգացման պլաններն այսքանով չեն սահմանափակվում, այլ նախատեսում ենք ավելացնել արտադրանքի ծավալներն ու ընկերության տեսականին ներկայացնող վաճառակետերի քանակը, սկսել նոր կաթնաթթվային ապրանքատեսակների արտադրություն (մածուն, թան, թթվասեր)»։