Հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի կարողությունների զարգացում՝ IADAAM ծրագրի շրջանակում

Հայաստանում Հարավամերիկյան ցեց (Tuta absoluta) վնասատուի տարածման աճող ռիսկերը պահանջում են արագ արձագանք և արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների կիրառում։ Հենց այս նպատակով IADAAM ծրագրի շրջանակում կազմակերպվել է տեսական և գործնական դասընթացների շարք, որի նպատակն է բարձրացնել ֆերմերների և ոլորտի մասնագետների իրազեկվածությունն ու կարողությունները՝ վնասատուի վաղ հայտնաբերման, մշտադիտարկման և արդյունավետ կառավարման ուղղությամբ։

Մայիսի 25-ին Վեդիում, ինչպես նաև մայիսի 27-ին և 29-ին Արարատ քաղաքում հաջողությամբ իրականացվեցին «Հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացում» թեմայով տեսական և գործնական դասընթացները, որոնք կազմակերպվել էին Corner Business Platform-ի կողմից՝ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում։

Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան՝

🔹 Հարավամերիկյան ցեցի կենսաբանական առանձնահատկություններին, զարգացման փուլերին և տարածման ռիսկերին,

🔹 Վնասատուի վաղ հայտնաբերման, մշտադիտարկման և կանխարգելման արդյունավետ մեթոդներին,

🔹 Ֆերոմոնային թակարդների կիրառման գործնական մոտեցումներին,

🔹 Բույսերի պաշտպանության ինտեգրված միջոցառումներին և ոլորտում կիրառվող լավագույն փորձին։

Դասընթացի գործնական հատվածում իրականացվեցին դաշտային այցելություններ, ֆերոմոնային թակարդների ցուցադրական տեղադրումներ և մասնակիցների հետ փորձի փոխանակում՝ տեղում առկա խնդիրների և հնարավոր լուծումների քննարկմամբ։

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով:

Uncategorized

ՄԱՎԵՏԱ-ն ամրապնդելով մասնավոր հատված-ՄԿՈւ համագործակցությունը

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում շարունակվում են մասնավոր հատված-ՄԿՈւ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը։

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի և Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի նախաձեռնությամբ իրականացվեցին հանդիպումներ տվյալ տարածաշրջաններում գործող մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ձևավորել համագործակցության նոր հարթակներ և նախապատրաստվել դուալ կրթության ներդրման գործընթացին։

Սեպտեմբերից վերոնշյալ քոլեջներում նախատեսվում է ներդնել դուալ ուսուցմամբ մի շարք մասնագիտություններ, այդ թվում՝ 

  • սառնարանային տնտեսություն
  • կաթիլային համակարգերի մոնտաժում և շահագործում
  • ջերմատնային տնտեսություն
  • անասնաբուժություն

Հանդիպումների ընթացքում ներկայացվեցին դուալ կրթության մոդելի առանձնահատկությունները, նախատեսվող մասնագիտությունները, ինչպես նաև կրթական հաստատությունների և գործատուների միջև համագործակցության պայմանագրերի հիմնական դրույթները։ 

️Քննարկվեցին նաև մասնավոր հատվածի ներգրավվածության հնարավոր ձևաչափերը՝ ուսանողների գործնական ուսուցման, մասնագիտական հմտությունների զարգացման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողությունների ձևավորման ուղղությամբ։

Հանդիպումների արդյունքում ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն շարունակելու համագործակցության մասին քննարկումները և առաջիկայում կնքելու համագործակցության համաձայնագրեր։ Մասնավոր հատվածի ներկայացուցիչները նաև հայտնեցին պատրաստակամություն ակտիվորեն ներգրավվելու դուալ կրթության իրականացման գործընթացում՝ նպաստելով կրթության և աշխատաշուկայի միջև կապի առավել արդյունավետ ձևավորմանը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը:

Uncategorized

ՄԱՎԵՏԱ ծրագրի ներկայացուցիչներն ու գործընկերները Հանրային ռադիոյի «Դպրության» տաղավարում

Հանրային ռադիոյի «Դպրության» հաղորդման շրջանակում հյուրընկալվեցին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ներկայացուցիչներն ու գործընկերները։

Զրույցին մասնակցեցին՝

  • Լիլիթ Բեգլարյանը՝ ՌԶԳ ՀԿ/SDA NGO, ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈւ խորհրդատու
  • Վարդան Վարդանյանը՝ ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն
  • Հարություն Ծատրյանը՝ «ԷԼՈԼԱ» ՓԲԸ տնօրեն

Քննարկման առանցքում էին դուալ կրթությունը, ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում նոր հնարավորությունների ձևավորումը։

Շուտով ուրախ կլինենք կիսվել հաղորդման ամբողջական տարբերակով։

Uncategorized

RECONOMY Քննարկում Հայաստանի ստարտափային միջավայրի զարգացման շուրջ

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի աջակցությամբ իրականացված «Ստարտափների աջակցման մեխանիզմների մշակում» հետազոտության արդյունքները ներկայացվեցին մայիսի 22-ին Երևանում ԱՏՁՄ-ի (UATE) կողմից կազմակերպված փորձագիտական աշխատանքային հանդիպման ընթացքում։

Հայաստանի ստարտափային էկոհամակարգի զարգացումը այսօր պահանջում է ոչ միայն նոր գաղափարներ, այլև համակարգային քաղաքական լուծումներ, որոնք կօգնեն նորարարական բիզնեսներին հաղթահարել աճի հիմնական խոչընդոտները։ Մասնավորապես, ֆինանսավորման սահմանափակ հասանելիությունը, միջազգային շուկաներին ինտեգրման դժվարությունները և վաղ փուլում աջակցող գործիքների պակասը շարունակում են ազդել ոլորտի մրցունակության վրա։

Քննարկումների ընթացքում ներկայացված հետազոտական արդյունքները կարևոր հնարավորություն էին գնահատելու, թե ինչպիսի քաղաքական և ֆինանսական մեխանիզմներ կարող են իրական ազդեցություն ունենալ Հայաստանի ստարտափ միջավայրի վրա։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց միջազգային փորձի տեղայնացմանը՝ հասկանալու համար, թե որ մոդելներն են առավել կիրառելի հայկական շուկայի պայմաններում և ինչպես կարելի է ձևավորել ավելի ճկուն ու արդյունավետ աջակցման համակարգ։

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի տեսանկյունից նման քննարկումները կարևոր են հատկապես այն պատճառով, որ թվայնացումը և նորարարությունը այլևս միայն տեխնոլոգիական ուղղություններ չեն․ դրանք տնտեսական մրցունակության, աշխատաշուկայի զարգացման և տարածաշրջանային համագործակցության առանցքային գործոններ են։ Ուժեղ ստարտափային միջավայրը կարող է դառնալ նոր աշխատատեղերի, ներդրումների և տեխնոլոգիական լուծումների ձևավորման կարևոր շարժիչ ուժ։

Հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց պետական կառույցների, մասնավոր հատվածի, զարգացման ծրագրերի, քաղաքականություն մշակողների և ոլորտային փորձագետների միջև շարունակական երկխոսության և համագործակցության կարևորությունը։

RECONOMY ծրագիրը շարունակելու է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են մրցունակ տնտեսության, թվային փոխակերպման և նորարարական ձեռնարկատիրական էկոհամակարգերի զարգացմանը Հայաստանում և տարածաշրջանում։

RECONOMY Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

IADAAM-ը դպրոցներում` սերմանելով գիտելիք, կառուցելով ապագա

Մեկնարկեցին IADAAM ծրագրի դպրոցական իրազեկման և ներգրավման այցերը՝ նպատակ ունենալով աշակերտներին ծանոթացնել ժամանակակից, կլիմակայուն և նորարար գյուղատնտեսության աշխարհին։

Ավշարի միջնակարգ դպրոցի աշակերտներին ողջունեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության հարցերով պատասխանատու Սուսանա Մարտինսը և Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) Հայաստանում ծրագրերի պատասխանատու Օդրի Գուրդիենը՝ ընդգծելով երիտասարդների կրթության, զարգացած գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման կարևորությունը։

IADAAM ծրագիրը դպրոց է բերում մի կարևոր ուղերձ՝ գյուղատնտեսությունը 21-րդ դարում միայն ավանդույթ չէ։ Այն նորարարություն է, տեխնոլոգիա, բնապահպանական պատասխանատվություն և ապագայի զարգացման առանցքային ուղղություն։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի ձևավորել գիտակից, պատասխանատու և նորարար երիտասարդների սերունդ, որը վաղը կկառուցի ավելի կայուն, արդյունավետ և կլիմակայուն գյուղատնտեսություն Հայաստանում։

Յուրաքանչյուր սերմ, որը տնկվում է այսօր, վաղը կարող է վերածվել մեծ փոփոխության։

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով: