ՄԱՎԵՏԱ-ն ամրապնդելով մասնավոր հատված-ՄԿՈւ համագործակցությունը
ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում շարունակվում են մասնավոր հատված-ՄԿՈւ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը։
Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի և Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի նախաձեռնությամբ իրականացվեցին հանդիպումներ տվյալ տարածաշրջաններում գործող մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ձևավորել համագործակցության նոր հարթակներ և նախապատրաստվել դուալ կրթության ներդրման գործընթացին։
Սեպտեմբերից վերոնշյալ քոլեջներում նախատեսվում է ներդնել դուալ ուսուցմամբ մի շարք մասնագիտություններ, այդ թվում՝
- սառնարանային տնտեսություն
- կաթիլային համակարգերի մոնտաժում և շահագործում
- ջերմատնային տնտեսություն
- անասնաբուժություն
Հանդիպումների ընթացքում ներկայացվեցին դուալ կրթության մոդելի առանձնահատկությունները, նախատեսվող մասնագիտությունները, ինչպես նաև կրթական հաստատությունների և գործատուների միջև համագործակցության պայմանագրերի հիմնական դրույթները։
️Քննարկվեցին նաև մասնավոր հատվածի ներգրավվածության հնարավոր ձևաչափերը՝ ուսանողների գործնական ուսուցման, մասնագիտական հմտությունների զարգացման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողությունների ձևավորման ուղղությամբ։
Հանդիպումների արդյունքում ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն շարունակելու համագործակցության մասին քննարկումները և առաջիկայում կնքելու համագործակցության համաձայնագրեր։ Մասնավոր հատվածի ներկայացուցիչները նաև հայտնեցին պատրաստակամություն ակտիվորեն ներգրավվելու դուալ կրթության իրականացման գործընթացում՝ նպաստելով կրթության և աշխատաշուկայի միջև կապի առավել արդյունավետ ձևավորմանը։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը:

