Մարինե Զադայան / Ֆերմեր, մանկավարժ / Վերիշեն, Գորիս
Ինչպե՞ս դարձա ՄԱՎԵՏԱ գործընկեր
Ավելի քան 35 տարի անասնապահությունը իմ կյանքի անբաժանելի մասն է։ Մեծացել եմ գյուղում, որտեղ աշխատանքն ու կենդանիների հանդեպ սերը բնական կենսակերպ էին։ Տարիների ընթացքում ձևավորեցի կայուն տնտեսություն՝ ընդլայնելով ֆերման, ավելացնելով կենդանիների թիվը, կառուցելով նոր գոմ և բարելավելով պայմանները։ Այսօր ունեմ 12 մանր և 30 խոշոր եղջերավոր կենդանի։
Միաժամանակ 25 տարի աշխատում եմ որպես մանկավարժ, դպրոցում դաստիարակության գծով փոխտնօրեն։ Թերևս հենց այդ երկակի փորձառությունն էր, որ ինձ բերեց ԴՈՒԱԼ կրթություն։ ՄԱՎԵՏԱ ծրագրի կողմից կազմակերպված “Մասնագիտությունների օրվա” շրջանակում աշակերտներիս ուղեկցեցի «Դը Ռանչ», որտեղ առաջին անգամ ծանոթացա ԴՈՒԱԼ կրթությանը։ Այդ այցը շրջադարձային էր․ հասկացա, որ իմ տնտեսությունը կարող է դառնալ ոչ միայն արտադրական, այլև ուսումնական միջավայր։
Այդպես սկսվեց իմ ճանապարհը որպես գործատու՝ ընդունելով աշկերտների իմ ֆերմայում։
Արդյունքն ինքնին խոսուն է
Այսօր արդեն ընդունել եմ 16 աշկերտ։ Նրանք իրենց տեսական գիտելիքները գործնականում կիրառում են իրական աշխատանքային միջավայրում։ Սակայն մեր ֆերմայում նրանք միայն մասնագիտություն չեն սովորում։ Նրանք ձեռք են բերում՝
- պատասխանատվության և կարգապահության մշակույթ,
- թիմային աշխատանքի հմտություններ,
- տնտեսության կառավարման փորձ,
- կենդանիների խնամքի և կաթի մշակման ամբողջական գործընթացի իմացություն։
MAVETA ծրագրի շրջանակում մենք ստացել ենք տեխնիկական աջակցություն՝ գյուղատնտեսական գործունեության արդիականացման և արտադրական կարողությունների ընդլայնման համար, ինչի արդյունքում մեծացել են աշակերտներ ընդունելու և նրանց պատշաճ ուսուցում ապահովելու մեր հնարավորությունները։ Մեր տնտեսությունն այսօր դարձել է լավ կահավորված և դինամիկ ուսումնառության միջավայր, որտեղ մենք ընդունում ենք նրանց ոչ թե որպես աշկերտներ, այլ որպես ընտանիքի անդամներ։ Մեր տնտեսությունը դարձել է կենդանի ուսումնական հարթակ․ ամուսինս նույնպես ներգրավված է՝ ընդունելով գյուղատնտեսական մեքենայացման մասնագիտությամբ աշկերտների։
ԴՈՒԱԼ կրթությունը փոխում է նաև երիտասարդների վերաբերմունքը գյուղի նկատմամբ։ Նրանք տեսնում են, որ գյուղատնտեսությունը միայն ֆիզիկական աշխատանք չէ, այլ գիտելիք, կառավարում և զարգացում պահանջող ոլորտ։ Նրանք սկսում են հավատալ, որ գյուղում կարելի է ստեղծել արժեք, կայանալ և արժանապատիվ ապրել։
ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացները կարևոր դեր ունեցան նաև իմ մասնագիտական աճի մեջ՝ օգնելով թարմացնել գիտելիքներս, ընդլայնել մտածելակերպս և պատրաստ լինել նոր սերնդի հետ աշխատելուն։
Արդյունքը տեսանելի է․ կրթված և գործնական փորձ ունեցող երիտասարդը դառնում է ավելի ինքնավստահ, աշխատաշուկայի համար պատրաստ և համայնքի համար արժեք ստեղծող մասնագետ։
Ինչու՞ այլ գործատուներ նույնպես պետք է ընդունեն աշկերտներ
ԴՈՒԱԼ կրթությունը շահավետ է ոչ միայն ուսանողի, այլև գործատուի համար։
- Դուք ստանում եք մոտիվացված երիտասարդներ, որոնք սովորում են ձեր արտադրական միջավայրում և հարմարվում ձեր աշխատանքային մշակույթին։
- Դուք ներդրում եք անում ապագա մասնագետների ձևավորման մեջ՝ ապահովելով ոլորտի շարունակական զարգացումը։
- Դուք ուժեղացնում եք համայնքը՝ պահելով երիտասարդներին գյուղում։
Ես կոչ եմ անում գործատուներին՝ միացեք, ընդունեք աշկերտների։ Ընդունեք ոչ միայն պարտավորությամբ, այլ սրտանց ու սիրով։
Եթե ուզում ենք, որ գյուղատնտեսությունը զարգանա, պետք է պատրաստ լինենք մեր փորձը փոխանցել։
Ես միշտ ասել եմ՝ «Եկավ սովը՝ պահեց կովը»։ Այսօր ավելացնում եմ․ գյուղատնտեսության ապագան կրթված և գործնական փորձ ունեցող երիտասարդի ձեռքում է։
ԴՈՒԱԼ կրթությունը այն կամուրջն է, որը միացնում է գիտելիքն ու աշխատանքը, փորձն ու արդյունքը, սերունդներն ու համայնքը։
Սերը ինձ ուժ է տվել ստեղծելու։ ԴՈՒԱԼ կրթությունը հնարավորություն է տալիս այդ ուժը փոխանցելու հաջորդ սերնդին։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

