Վայոց ձորի Վերնաշեն բնակավայրում գործող «Կրիա» գինու գործարանը և համտեսի սրահը, հիմնված է էկոլոգիապես կայուն արտադրության սկզբունքների վրա՝ նպատակ ունենալով առավելագույնս օգտագործել բարձրադիր կլիմայական պայմանների առավելությունները և բարելավել խաղողի որակը։
Տաթևիկ Գաբրիելյանը 2020 թվականին ստեղծեց գործարանը՝ մի կարևոր համոզմունքով. «Գինու պատրաստման ամենակարևոր կետերից մեկն այգիներն են. ճիշտ մշակված այգիները ապահովում են բարձրորակ խաղող, որը հնարավոր է վերածել բացառիկ գինիի»։ Գործարանի հիմնումից հետո Տաթևիկը նկատեց, որ տարեցտարի աճում է զբոսաշրջիկների այցելության հետաքրքրությունը, ինչը դարձավ հիմք գինու համտեսի սրահ ստեղծելու համար՝ հենց խաղողի այգիներում, թույլ տալով այցելուներին անմիջապես ծանոթանալ արտադրության պրոցեսին և փորձել մեկ բաժակ բացառիկ գինի։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի աջակցությամբ կառուցվեց համտեսի սրահը, Վերնաշենի խաղողի հին այգիները վերականգնվեցին և ներդրվեց մթերման էկոլոգիապես մաքուր մոդել՝ ստեղծելով նոր տուրիստական հոսքեր և աշխատատեղեր տեղի բնակիչների համար։ Այս համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ոչ միայն պահպանել բնապահպանական արժեքները, այլև բարձրացնել գինու որակը և ընդլայնել Վերնաշենի գինեգործության տնտեսական և զբոսաշրջային ներուժը։
Տաթևիկի ռազմավարական մտածողությունը և համայնքի նկատմամբ պատասխանատվությունը դարձնում են նրան նոր սերնդի կին գործարարի օրինակ, ով ցույց է տալիս, թե ինչպես կարող է տեղական ռեսուրսների խելամիտ օգտագործումը և կանանց առաջնորդությունը դառնալ տնտեսական աճի ու տարածաշրջանային զարգացման իրական շարժիչ ուժ։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան) «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից։

