Ս․թ․ ապրիլի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացվեց «Հայաստանի գյուղատնտեսությունը՝ գյուղոլորտի ուսանողների աչքերով» միջոցառումը, որի շրջանակում գյուղատնտեսությունը ներկայացվեց յուրահատուկ՝ երիտասարդների հայացքով։
Միջոցառման առանցքում Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների ստեղծագործություններն էին, որոնք արտացոլում էին նրանց պատկերացումները գյուղատնտեսության անցյալի և ապագայի մասին։ Նկարները ոչ միայն գեղարվեստական աշխատանքներ էին, այլ նաև երիտասարդների մտածողության, ձգտումների և ոլորտի զարգացման վերաբերյալ նրանց տեսլականի արտահայտություն։
Նկարների ստեղծման համար անհրաժեշտ պարագաները տրամադրվել էին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի աջակցությամբ։
Ցուցադրությանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալներ Տաթևիկ Սարգսյանը և Արման Խոջոյանը, ովքեր շրջեցին ցուցադրությամբ, զրուցեցին ուսանողների հետ և նրանց հանձնեցին շնորհակալագրեր՝ գնահատելով նրանց ներգրավվածությունն ու ստեղծարար մոտեցումը։
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքարշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

