NEWSARM

Անասնաբույժի օր 2026։ Անասնաբույժը՝ առողջ հասարակության պահապան

Ապրիլի 30-ին Երևանում տեղի ունեցավ «Անասնաբույժը՝ առողջ հասարակության պահապան» խորագրով Անասնաբույժի օրվան նվիրված միջոցառումը, որը համախմբեց ոլորտի առանցքային դերակատարներին՝ պետական կառույցների ներկայացուցիչներին, կրթական հաստատությունների մասնագետներին, միջազգային գործընկերներին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Արդեն 7-րդ տարին է, ինչ ՌԶԳ-ն նախաձեռնում և կազմակերպում է Անասնաբույժի օրը՝ համախմբելով պետական, մասնավոր և կրթական ոլորտների ներկայացուցիչներին։

Այս տարի միջոցառումը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի աջակցությամբ։

Միջոցառումը մեկնարկեց պաշտոնական բացման խոսքով, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը՝ ընդգծելով, որ Անասնաբույժի օրը ոչ միայն մասնագիտական տոն է, այլև կարևոր հարթակ ոլորտի խնդիրների և հնարավորությունների քննարկման համար։ Նա կարևորեց անասնաբույժների առանցքային դերը հանրային առողջության, սննդամթերքի անվտանգության և գյուղատնտեսության կայուն զարգացման գործում, ինչպես նաև շեշտեց կրթության, երիտասարդ մասնագետների ներգրավման և ոլորտում շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։

Միջոցառման ընթացքում առանձնահատուկ շեշտադրում կար նոր սերնդի վրա՝ ընդգծելով երիտասարդ մասնագետների ներգրավման, նրանց կարողությունների զարգացման և ոլորտում նրանց դերակատարության բարձրացման կարևորությունը։ Քննարկումների շրջանակում անդրադարձ կատարվեց այն հարցին, թե ինչպես է պետական քաղաքականությունը արձագանքում այս կարիքին՝ խթանելով կրթական բարեփոխումները, գործնական ուսուցումը և երիտասարդների համար հնարավորությունների ստեղծումը։

Միաժամանակ ընդգծվեց, որ ոլորտի զարգացումը հնարավոր չէ ապահովել առանց բազմակողմ համագործակցության։ Կրթական հաստատությունները, մասնավոր հատվածը և զարգացման գործընկերները ներկայացրին իրենց դերակատարումը՝ աջակցելով նոր սերնդի մասնագետների պատրաստմանը, փորձի փոխանցմանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների ձևավորմանը։

Անցկացվեցին երկու պանելային քննարկումներ, որոնց շրջանակում անդրադարձ կատարվեց անասնաբուժության ոլորտի զարգացման հիմնական ուղղություններին, առկա մարտահրավերներին և հնարավորություններին։ Առաջին պանելում քննարկվեցին ոլորտի համակարգային խնդիրները, քաղաքականության զարգացման առաջնահերթությունները և կրթության դերը՝ որակյալ մասնագետների պատրաստման գործում։

Երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր գիտության և պրակտիկայի կապի ամրապնդմանը՝ որպես ոլորտի առաջընթացի կարևոր նախապայման։ Մասնակիցները ներկայացրին իրենց փորձը, քննարկեցին նորարարական մոտեցումները և ընդգծեցին հետազոտությունների կիրառական նշանակությունը՝ անասնաբուժության արդյունավետության բարձրացման գործում։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև թեմատիկ ֆիլմ և փոդքաստ, որոնք ներկայացրին անասնաբույժների առօրյան, պատասխանատվությունը և նրանց կարևոր դերակատարումը հասարակության առողջության պահպանման մեջ։

Այս միջոցառումը դարձավ արդյունավետ հարթակ՝ ոլորտի խնդիրների բարձրաձայնման, փորձի փոխանակման, միջգերատեսչական և հանրային-մասնավոր համագործակցության ամրապնդման, ինչպես նաև նոր գործընկերությունների ձևավորման համար։ Այն ևս մեկ անգամ ընդգծեց, որ անասնաբույժների դերը առանցքային է առողջ և անվտանգ հասարակության ձևավորման գործում։

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքարշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: