NEWSARM

ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերների ուսումնաճանաչողական այցը Շվեյցարիա

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում  մարտի 16-22–ը  Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի նախաձեռնությամբ կայացավ ծրագրի մասնավոր հատվածի մի խումբ ներկայացուցիչների ուսումնաճանաչողական այցը Շվեյցարիա։

Մեկշաբաթյա ուսումնական այցի նպատակն էր ձևավորել մասնակիցների ընդհանուր պատկերացումները դուալ ՄԿՈՒ-ի մասին և զարգացնել նրանց՝ որպես հրահանգիչների, կարողունակությունները վերապատրաստման գործընթացներում և որակավորման ընթացակարգերում:

Հայաստանյան ֆերմերները, գյուղատնտեսության մեքենայացման մասնագետներն ու անասնաբույժները HAFL-ի գիտաշխատողներ Յոհաննես Բրունների և  Սվեն Նագելի ուղեկցությամբ հնարավորություն ունեցան հետևելու աշկերտների աշխատանքին ֆերմերային տնտեսություններում և ընկերություններում, ծանոթանալ աշկերտների հրահանգավորման մեթոդաբանությանը և ուսումնական նյութերին, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնել շվեյցարացի փորձագետների հետ տարբեր մասնագիտական ​​ոլորտներում և հետևություններ անել Հայաստանի ընկերություններում և քոլեջներում դուալ ՄԿՈՒ դասավանդման համար։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: