NEWSARM

Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 11-րդ աշխատաժողովը

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մարտի 25-ին Երևանում կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 11-րդ աշխատաժողովը, որին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզպետարանների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը նշեց, որ կառույցը կարևոր օղակ է հանդիսանում արոտների կայուն կառավարման ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների միջև՝ ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման ուղիների քննարկման համար։

Իր խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը ընդգծեց, որ ՀՀ կերհանդակները՝ արոտավայրերն ու խոտհարքները, զբաղեցնում են ավելի քան մեկ մլն հա տարածք և այս ուղղությամբ տարվող աշխատանքները խրախուսվում են Կառավարության և էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախարարի տեղակալը նաև անդրադարձավ բնական կերհանդակների համաշխարհային փորձի ուսումնասիրման և Հայաստանում առավել հաջողվածների կիրառման հնարավորություններին, արոտների և խոտհարքների կայուն կառավարման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորմանը։

Անասնապահության զարգացման, արոտների կայուն կառավարման և բարելավման ուղղությամբ ՌԶԳ ՀԿ-ի կողմից իրականացված և ընթացիկ գործողությունների մասին ներկայացրեց «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը։

ՌԶԳ տարբեր ծրագրերով արդեն իսկ 189 գյուղական բնակավայրեր   կիրառում են արոտավայրերի կառավարման արդյունավետ մոտեցումներ, կառուցվել է  221 ջրախմոց և 70 մակատեղի ԽԵԿ-երի համար, վերականգնվել է 216.5 հա գերարածեցված (դեգրադացված) արոտավայր, ինչպես նաև դիվերսիկացվել են ֆերմերների կողմից մշակվող կերային մշակաբույսերը (առվույտ, կորնգան, եգիպտացորեն, կերի ճակնդեղ և այլն)։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին արոտների կայուն կառավարման և բարելավման ուղղությամբ հարթակի մյուս անդամ-կառույցների կողմից իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ Բնության Համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ (WWF Հայաստան) Հարթակին անդամակցելու հուշագրի ստորագրումը։

Ստեղծման պահից (2018 թվականից ի վեր)՝ Հարթակն ընդլայնել է իր կազմը՝ ընդգրկելով ավելի քան 20 կազմակերպությունների, տեղական և միջազգային կառույցների, ծրագրերի և պետական կառավարման մարմինների: