«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում ապրիլի 1-ին Տաշիր համայնքի և հարակից բնակավայրերի 5-10-րդ դասարանի աշակերտները այցելեցին Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ` որտեղ ծանոթացան ՄԱՎԵՏԱ ծրագրին և դուալ ուսուցման ձևաչափին:
Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան՝ բացահայտելու դուալ ուսուցման ձևը, իրազեկվելու քոլեջում առկա մասնագիտությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկելու մարզի աշխատաշուկայում բարձր պահանջարկ վայելող մասնագիտությունները։
Աշակերտները նաև այցելեցին քոլեջի ջերմոց՝ ծանոթանալով մշակաբույսերի աճի և խնամքի գործընթացին։ Քոլեջի դասավանդողները և մասնավոր հատվածի գործատուները ներկայացրեցին ֆերմերային տնտեսության կազմակերպման մանրամասները։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը շնորհակալություն է հայտնում «ԱրՏա – Տաշիրի գույները մենք ենք» երիտասարդական կենտրոնի հիմնադիր Էլինա Բալասանյանին, ով աջակցեց հանդիպման կազմակերպմանը՝ խամախմբելով ավելի քան 30 աշակերտներ։ Դասավանդողները և գործատուները սիրով պատասխանեցին աշակերտների հուզող հարցերին, տրամադրելով գյուղատնտեսական մասնագիտությունների վերաբերյալ խորհուրդներ։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: