NEWSARM

RECONOMY x LILA Աշխատանքային հանդիպում՝ գիդ-էքսկուրսավարների և տուրօպերատորների միջև

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրերի շրջանակներում ապրիլի 23-ին Երևանում տեղի ունեցավ գիդ-էքսկուրսավարների և տուրօպերատորների աշխատանքային հանդիպում՝ փորձառության վրա հիմնված զբոսաշրջության զարգացման թեմայով։

Միջոցառման մասնակիցներին ողջունեցին և ծրագրային միջամտությունների մասին ներկայացրեցին RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը։

Like Local թվային հարթակի հիմնադիր Գևորգ Բաբայանը ընդհանուր տեղեկություններ հաղորդեց հարթակի գործունեության, միջազգային փորձի փոխանակման, ինչպես նաև ներկայացրեց փորձառության վրա հիմնված զբոսաշրջային ծառայությունների մշակման և մատուցման կարևորությունը։

Առանձնակի ուշադրություն դարձվեց Հայաստանի համայնքներում ինքնատիպ կենցաղով ապրող ընտանիքներ ընդգրկելուն, որոնք կկարողանան հյուրընկալել զբոսաշրջիկներին՝ ներկայացնելով իրենց տարածաշրջաններին բնորոշ զբոսաշրջային առանձնահատկությունները:

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: