NEWSARM

Զբոսաշրջության զարգացման խթանում` RECONOMY x LILA հանդիպումը ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հետ

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) և RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրերի շրջանակում ապրիլի 9-ին կայացավ հանդիպում ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ՝ Լուսինե Գևորգյանի և կոմիտեի ներկայացուցիչների ու վերոնշյալ ծրագրերի ղեկավարների միջև։

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել մարզային զբոսաշրջության զարգացման հեռանկարները՝ ուշադրությունը սևեռելով զբոսաշրջային ներուժի գնահատման, կարողությունների զարգացման, զբոսաշրջության տարածաշրջանային պրոդուկտների ձևավորման, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների միջև համագործակցության ամրապնդման վրա։

Քննարկման ընթացքում առանձնահատուկ կարևորություն տրվեց արկածային զբոսաշրջության ոլորտում ներգրավված գիդ-էքսկուրսավարների հմտությունների զարգացման և նրանց մասնագիտական գործունեության հավաստագրման անհրաժեշտության հիմնախնդիրներին։

Ծրագրի ղեկավարները Կոմիտեի նախագահի և ներկայացուցիչների հետ նաև հատուկ անդրադարձ կատարեցին մարզերում գործող տնտեսվարող սուբյեկտների՝ հյուրանոցների, հյուրատների և ռեստորանների կողմից կառավարվող ռեկրեացիոն ենթակառուցվածքների զարգացման ուղիներին։ Նշվեց բնապահպանական, կանաչ և կայուն զբոսաշրջության խթանման կարևորությունը՝ որպես ոլորտի երկարաժամկետ մրցունակության ապահովման կարևոր նախապայման։

RECONOMY ու LILA ծրագրերի և Զբոսաշրջության կոմիտեի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով աջակցել  զբոսաշրջության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը և այս գործընթացում առավել արդյունավետ և կայուն արդյունքների ապահովմանը։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿի հետ համատեղ: