Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայում ապրիլի 1-ին տեղի ունեցավ Ամադեուս ավիատոմսերի ամրագրման համակարգի ուսուցման երկրորդ կարճաժամկետ դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը։
Դասընթացի կազմակերպան համար տեխնիկական աջակցություն է տրամադրվել RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի կողմից։
Շրջանավարտներին ողջունեցին և աշխատանքային հաջողություններ մաղթեցին «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի պատասխանատու Նարեկ Խաչատրյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Հավաստագրերի հանձնման արարողությանը հաջորդեց զբոսաշրջության ոլորտում ազգային խոհանոցի դերի կարևորության շուրջ զրույց-քննարկում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի և շրջանավարտների միջև, որի ընթացքում մասնակիցները վայելեցին ազգային և ավանդական ուտեստներ։
Հիշեցնենք, որ Ամադեուս ավիատոմսերի ամրագրման համակարգում աշխատելու գիտելիք և կարողություն ունեցող մասնագետները հնարավորություն կունենան աշխատել զբոսաշրջության ոլորտում համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպություններում։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

