Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում հոկտեմբերի 17-18-ը Երևանում անցկացվեց աշխատաժողով՝ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) աշխատակիցների և ծրագրի գործընկեր քոլեջների դասավանդողների համար։
«Սկզբունքներ, գործիքներ, գործողություններ և մեթոդներ գործնականի վրա հիմնված ուսուցման և ուսումնառության համար» ձեռնարկի վերաբերյալ երկօրյա աշխատաժողովը վարեց Բեռնի Կիրառական գիտութունների համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լեհմանը։
Մասնակիցները ծանոթացան ձեռնարկի բովանդակությանը, փորձարկեցին որոշ մեթոդներ, և ստացան խորհուրդներ, թե ինչպես ձեռնարկը օգտագործել դասերի ընթացքում և մասնավոր ընկերություններում՝ հրահանգիչների կողմից։
Քննարկումների և գործնական վարժությունների ընթացքում վերհանվեցին դուալ մոտեցմամբ կրթության ներդրման տարբեր փուլերում առաջացած մարտահրավերներն ու խնդիրները, դրանց լուծման ուղիները։
Աշխատաժողովի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: