«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում. հյուսիս-հարավ 2» ծրագրի շրջանակում Ավստրիական զարգացման գործակալության (ADA) պատվիրակությունը՝ տնօրեն, դեսպան Ֆրիդրիխ Շտիֆտի գլխավորությամբ հոկտեմբերի 16-ին այցելություն կատարեց ծրագրի շահառու-գործընկեր «ԷԼՈԼԱ» կաթնամթերքի վերամշակման գործարան:
Պատվիրակության կազմում էին Ավստրիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ ծրագրերի բաժնի ղեկավար Վալտեր Էհմեյրը, VII բաժնի ղեկավարի տեղակալ (Ավստրիական զարգացման համագործակցության պատասխանատու) Անդրեաս Լիբմանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը և ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը։
Ավստրիական պատվիրակությանը Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում տեղեկայված գործարանում ուղեկցում էր «Անասնապահության զարգացում Հայաստանում. հյուսիս-հարավ 2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:
Վահե Հովհաննիսյանը ավստրիական կողմին ներկայացրեց ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների և միջամտությունների ամփոփ նկարագիրը, դրանց ազդեցությունը Գորիս համայնքի և կից բնակավայրերի ֆերմերային տնտեսությունների զարգացման վրա, ինչպես նաև ծրագրային ձեռքբերումներն ու գրանցած արդյունքները։
«ԷԼՈԼԱ» գործարանի գործադիր տնօրեն Հարություն Ծատրյանը շրջայցի ընթացքում հյուրերին ներկայացրեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության հակիրճ պատմությունը, իրականացված ու ընթացիկ ծրագրերով ստացած աջակցությունը, ընդգծեց վերապատրաստումների կարևորությունը:
Հարություն Ծատրյանն անդրադարձ կատարեց նաև Ավստրիական զարգացման գործակալության ներգրավմամբ մյուս՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրում ընդգրկվածությանը, որպես գործատու՝ դուալ մոտեցմամբ կրթության ներդրման գործընթացում Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջից աշկերտների ընդունման և աշխատանքով ապահովման փորձին։
Ավստրիական զարգացման գործակալության տնօրեն, դեսպան Ֆրիդրիխ Շտիֆտն իր խոսքում նշեց, որ կա ըմբռնում, թե ինչպիսի բարդ ժամանակների միջով է անցել տեղի բնակչությունը, ինչպիսի մարտահրավերների են բախվում նրանք այսօր և հավելեց, որ մշտապես իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է նմանատիպ զարգացման ծրագրերին աջակցությունը:
Շրջայցից հետո պատվիրակությունը հնարավորություն ունեցավ համտեսելու գործարանի արտադրանքը:
«Անասնապահության զարգացում Հայաստանում. հարավ-հյուսիս 2» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի` Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

