NEWSARM

ՄԱՎԵՏԱ Մոնիթորինգային այց Լոռու մարզի գործընկեր ֆերմերային տնտեսություններ

Ապրիլի 3-ին իրականացվեց հերթական մոնիթորինգային այցը Լոռու մարզում գործող ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր ֆերմերային տնտեսություններ՝ գնահատելու դուալ կրթության շրջանակում աշկերտների՝ գործատուի մոտ իրականացվող ուսուցման արդյունավետությունն ու գործնական ներգրավվածությունը։

Այցի հնարավորություն ընձեռեց տեղում դիտարկելու, թե ինչպես է տեսական գիտելիքը վերածվում գործնական հմտությունների՝ իրական աշխատանքային միջավայրում։ Աշկերտները ակտիվորեն մասնակցում էին հողի նախապատրաստման և ցանքսի գործընթացներին՝ կիրառելով սերմացուի ընտրության, հողի մշակման և պարարտանյութերի օգտագործման վերաբերյալ իրենց ձեռք բերած գիտելիքները։

Կարևոր ձեռքբերում է այն, որ մոդուլային ուսուցմամբ նախատեսված առաջադրանքներից բացի, աշկերտները ներգրավված են նաև ֆերմայի առօրյա աշխատանքներում՝ ստանձնելով լրացուցիչ պարտականություններ և աջակցելով տարբեր գյուղատնտեսական գործընթացներում։ Այս մոտեցումը զգալիորեն նպաստում է նրանց գործնական փորձի խորացմանը, պատասխանատվության զգացման ձևավորմանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան պատրաստվածության բարձրացմանը։

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում իրականացվող նման այցերը կարևոր դեր ունեն գործընթացի շարունակական վերահսկման և որակի ապահովման գործում՝ ապահովելով, որ դուալ կրթության իրականացումը համապատասխանի սահմանված չափանիշներին և չշեղվի նախատեսված ուղղությունից։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են GIZ-ը, Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը: