NEWSARM

ԼԻԼԱ «Տուրիզմի հիմունքներ» թեմայով երկամսյա դասընթացի մասնակից արցախցիները ստացան հավաստագրեր

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Գոշ համայնքում տեղի ունեցավ «Տուրիզմի հիմունքներ» թեմայով կազմակերպված երկամսյա վերապատրաստման դասընթացի ամփոփիչ հանդիպումը և հավաստագրերի հանձնման արարողությունը։

Դասընթացը կազմակերպվել էր մի խումբ արցախցիների համար՝ նրանց կարողությունների զարգացման և հայաստանյան ներգնա ու ներքին զբոսաշրջության ոլորտում ընդգրկվելու նպատակով։ Այն անց է կացրել «Ուան ուեյ գրուպ» ՍՊԸ-ն։

Ծրագրի գործընկեր «Մեր լեռները» սպորտային ճամբարի հիմնադիր Էդգար Նավասարդյանը դասընթացի մասնակիցներին ծանոթացրեց արկածային զբոսաշրջության հիմունքներին, քայլարշավների, արշավների ու լեռնագնացության տարբերություններին, դրանց կազմակերպման նրբություններին, ինչպես նաև անվտանգության ապահովման կանոններին։

ԼԻԼԱ ծրագրի զբոսաշրջության պատասխանատու Լիլյա Թորոսյանը հանձնեց հավաստագրերը և պրոֆեսիոնալ քայլարշավային պարագաների լրակազմեր՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ։

Այնուհետև խումբը մշակութային շրջայց ունեցավ Գոշավանքում։ Գոշում մասնակիցները ծանոթացան նաև ծրագրի մյուս գործընկեր «Արևի Գոշ» հյուրանոցին և հյուրընկալության առանձնահատկություններին։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: