«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ համագործակցելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետ, մայիսի 27-ին Երևանում կազմակերպեց աշխատանքի տոնավաճառ։
«Գյուղատնտեսություն՝ բոլորի համար» խորագրով անցկացվող աշխատանքի տոնավաճառին մասնակցեցին և ողջույնի խոսքեր հղեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության պետ Էդգար Հակոբյանը, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, ծրագրի գործընկեր ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը իր խոսքում կարևորեց գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ աճող հետաքրքրությունը և ոլորտի պահանջարկին արձագանքող կրթական ծրագրերի անհրաժեշտությունը: Նախարարի տեղակալը ընդգծեց, որ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքի վրա հիմնված կրթական մոդելը զգալիորեն բարձրացնում է ուսանողների գործնական պատրաստվածությունը, իսկ գործատուների հետ համագործակցությունը մասնագիտական կրթության հաջողության առանցքային պայմանն է։
Ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով միջոցառումն ունի սոցիալական ընդգրկունության կարևոր շեշտադրում՝ նպատակ ունենալով հատկապես կանանց և խոցելի խմբերի համար ստեղծել հավասար հնարավորություններ աշխատաշուկայում ներգրավվելու, ինչպես նաև նպաստելու ավելի բազմազան և ներառական աշխատատեղերի ստեղծմանը։
Առանձին տաղավարներով ներկայացված էին Երևանի և Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 20-ից ավելի գործատուներ՝ թափուր աշխատատեղերի առաջարկով։
ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ և Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանը ներկայացրեցին գյուղատնտեսության ոլորտում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկերը՝ շեշտադրելով դուալ կրթական ուսուցման առավելությունները։
Աշխատանք փնտրող երիտասարդների ու ուսանողների համար ացկացվեց «Ապագա աշխատատեղեր. փափուկ և մասնագիտական հմտությունների դասակարգում» թեմայով սեմինար։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

