Ս․թ․ հոկտեմբերի 29-ին Ավստրիայի գյուղատնտեսության, անտառային տնտեսության, կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանության, մարզային և ջրային ռեսուրսների կառավարման դաշնային նախարար Նորբերտ Տոչնիգն այցելել է Խաչիկ Հովսեփյանի ֆերմա։ Նախարարին ուղեկցում էին Նախարարին ուղեկցում էին Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշները և Ավստրիական զարգացման գործակալության (ADA) Հայաստանի և Վրաստանի տեխնիկական համագործակցության համակարգման գրասենյակի ղեկավար Էրվին Քյունցին։
Նախարարին դիմավորել են «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը և «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը։
Այցի ընթացքում Մկրտիչ Այվազյանը ներկայացրել է INLIMA ծրագրի նպատակները, հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները՝ անդրադառնալով նաև ՌԶԳ ՀԿ-ի և Ավստրիական զարգացման գործակալության միջև ձևավորված երկարամյա համագործակցությանը և գյուղատնտեսության ոլորտում համատեղ նախաձեռնություններին։ Ներկայացվել է նաև ֆերմայի գործունեությունը, իսկ քննարկման ընթացքում նախարարն իր հարցերն է ուղղել տնտեսության առանձնահատկությունների և տոհմային կենդանիների ձեռքբերման վերաբերյալ։
Այցի հիմքում հայ-ավստրիական համագործակցության կոնկրետ օրինակ էր. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող Խաչիկ Հովսեփյանը զուգահեռ զարգացնում է նաև ընտանեկան ֆերմերային բիզնեսը։ INLIMA ծրագրի շրջանակում Ավստրիայում կազմակերպված ուսումնական այցի ընթացքում նա ծանոթացել է տավարաբուծության ավստրիական փորձին, իսկ հետագայում ձեռք է բերել Ավստրիայից Հայաստան ներմուծված 64 Ֆլեքվի (Fleckvieh) ցեղի խոշոր եղջերավոր կենդանիներից 32-ը։
Ավստրիայում կազմակերպված ուսումնական այցը նաև հիմք է դարձել ոլորտային համագործակցության ընդլայնման համար։ Դրա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԶԳ ՀԿ-ի և Cattle Breeders Austria-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Ավստրիայի միջև տավարաբուծության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու նպատակով։
Խաչիկ Հովսեփյանի ֆերման այս համագործակցության գործնական օրինակներից է՝ ցույց տալով, թե ինչպես կարող են միջազգային փորձի փոխանակումն ու մասնագիտական կապերը նպաստել Հայաստանում տոհմային անասնաբուծության զարգացմանը։
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

