IADAAM ծրագրի շրջանակում ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանը, Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության Վեդիի թիմի համակարգող Վարդան Իվանյանի ուղղեկցությամբ, այցելեցին Վեդու ջրամբարի ներտնտեսական ցանց՝ ծանոթանալու նոր սերնդի, բարձր արդյունավետությամբ ֆիլտրացիոն համակարգերի տեղադրման գործընթացին։
Տեղադրվող ժամանակակից համակարգերը նախատեսված են ապահովելու մաքուր և հուսալի ոռոգման ջուր՝ կանխելով կաթիլային համակարգերի խցանումներն ու մաշվածությունը, բարձրացնելով ջրի բաշխման արդյունավետությունը և նպաստելով բերքատվության աճին։
Առաջադեմ լուծումների ներդրումը IADAAM ծրագրի կողմից կարևոր քայլ է գյուղատնտեսության ջրային ռեսուրսների կայուն կառավարման ուղղությամբ՝ ապահովելով բարձր բերքատվություն, առողջ և կենսունակ այգիներ, ինչպես նաև դիմակայուն և զարգացող գյուղական համայնքներ։
Խելացի ոռոգումը տեխնոլոգիայից ավելին է․ այն ներդրում է մեր ֆերմերների կայուն ապագայի համար։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

