2025 թվականի ապրիլի 30-ին «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում անցկացվեց «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։
Ծրագիրն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն արդիականացված ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն առնչվող քաղաքականության մշակման հարցում։ Մասնավորապես, ծրագիրն իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության (85%) և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (15%) հետ համատեղ՝ արտացոլելով գյուղատնտեսության ոլորտի առկա մարտահրավերներին դիմակայելու համագործակցային մոտեցումը:
Միջոցառման նպատակն էր տոնել դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցների գրանցած նշանակալի արդյունքները՝ ընդգծելով վերջիններիս նվիրվածությունն ու ունեցած կարևոր ներդրումը ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում։ Ծրագիրը նպատակ ուներ խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների զարգացումը՝ գործնական հմտությունների կատարելագործման և նորարարական մոտեցումների ներդրման միջոցով։ Միջոցառմանը մասնակցում էին շահագրգիռ կողմեր, գործընկեր կազմակերպություններ և ծրագրի շահառուներ, ովքեր առանց բացառության բարձր գնահատեցին մասնակիցների հանձնառությունն ու ներդրումը՝ ուղղված ՀՀ գյուղատնտեսության առաջընթացին և կայուն զարգացմանը։
Միջոցառումը մեկնարկեց Հայաստանում Ֆրանսիական զարգացման գործակալության ծրագրի ղեկավար Օդրի Գուրդիենի ողջույնի խոսքով, ով նշեց. «Այսօր գյուղատնտեսության ոլորտը կանգնած է համաշխարհային բազմաթիվ մարտահրավերների խաչմերուկում։ Այս համատեքստում գյուղաջակցության խորհրդատուների դերը դարձել է առավել կարևոր։ Հետևապես «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) շարքը մշակվել է այս փոփոխվող պահանջներին արձագանքելու նպատակով։ Ֆրանսիական Զարգացման Գործակալությունում մենք հպարտորեն աջակցում ենք IADAAM ծրագրին, որն ունի համապարփակ և ընդգրկուն մոտեցում գյուղատնտեսության զարգացման հարցում։ Մենք վստահ ենք, որ կայուն, արտադրողական և արդար գյուղատնտեսական համակարգ կառուցելու ճանապարհը սկսվում է տեղական կարողությունների ամրապնդումից և ձեզ նման մասնագետներին նոր գիտելիքներով և կարողություններով զինելուց։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության IADAAM ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանն իր խոսքում նշեց. «ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը մեծ նշանակություն է տալիս գյուղատնտեսական խորհրդատվական ծառայության զարգացմանը՝ այն համարելով գյուղատնտեսության զարգացման և տնտեսական կայունության կարևորագույն հենասյուներից մեկը։ Այսօր մենք ներկա ենք ոչ միայն վերապատրաստման ծրագրի եզրափակմանը, այլ նաև այն գործընթացի հաջող ավարտին, որը նպաստում է Հայաստանում գյուղատնտեսության արդիականացմանն ու մասնագետների կարողությունների ամրապնդմանը։ IADAAM ծրագրի շրջանակում՝ մեր գործընկերների աջակցությամբ, ձևավորում ենք նոր մոտեցում՝ կենտրոնանալով ֆերմերների կարիքների վրա, հիմնվելով արդի տվյալների վրա և հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության առաջնահերթությունները։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական Միությանը, Ֆրանսիական Զարգացման Գործակալությանը և ծրագիրն իրագործող գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և շարունակական աջակցության համար։ Իսկ ամենամեծ երախտագիտությունը՝ ծրագրի մասնակիցներին»։
Ողջույնի ելույթներին հաջորդեց դասընթացի համապարփակ ներկայացումը և հիմնական արդյունքների ամփոփումը, որը ներկայացրեց IADAAM ծրագրի NELK փորձագետ և կառավարման ավագ խորհրդատու Աննա Մխիթարյանը։ Նա ընդգծեց դասընթացի կարևորությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացող կարիքներին հարմարեցված ժամանակակից գիտելիքներով և գործիքակազմով հագեցած գյուղաջակցության խորհրդատուների նոր սերնդի ձևավորման գործում։ Նա նաև շեշտադրեց, թե ինչպես NELK դասընթացը նպաստեց գյուղաջակցության խորհրդատվական ծառայության շրջանակներում պրոֆեսիոնալիզմի, ռազմավարական մտածողության և նորարարության զարգացմանը՝ դիմակայելու ժամանակակից գյուղատնտեսական զարգացման մարտահրավերներին:
Ամփոփելով միջոցառումը՝ IADAAM ծրագրի թիմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Մաթևոսյանն իր ելույթում ընդգծեց, որ «NELK մոդուլների շարքը պարզապես կարողությունների զարգացման գործընթաց չէ. այն ռազմավարական ներդրում է Հայաստանի գյուղատնտեսական խորհրդատվական համակարգի ապագայի համար։ Հավատացած ենք՝ այս 13 մոդուլների ընթացքում ձեռք բերված կարողությունները շարունակելու են առաջնորդել ձեր աշխատանքը՝ նորարարական և նպատակային լուծումների ուղղությամբ։ Միասին մենք կառուցում ենք առավել արձագանքող, համընդգրկուն և ժամանակակից խորհրդատվական համակարգ՝ ի նպաստ Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացման»։
Սույն միջոցառումը նշանավորեց ոչ միայն դասընթացների շարքի ավարտը, այլև նշանակալի քայլ էր առաջ՝ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում կարողությունների զարգացման գործում՝ մասնագետներին զինելով մարզերում կայուն զարգացումն ու նորարարությունը խթանելու գործիքներով և գիտելիքներով։

