NEWSARM

 IADAAM ծրագրի շրջանակներում հողերի միավորման գործընթացի կառուցվածքի և հիմնական խնդիրների ներկայացում

IADAAM ծրագրի շրջանակներում իրականացվող հողօգտագործման արդյունավետ կառավարման և գյուղատնտեսական զարգացման խթանման շարունակական ջանքերի շրջանակում ծրագրի հողային միավորման միջազգային փորձագետ Նիլս Օտտո Հալդրափը ներկայացրեց «Հողերի միավորման գործընթացի կառուցվածքն ու հիմնական խնդիրները» թեմայով զեկույցը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։
Ներկայացման ընթացքում քննարկվեցին հողերի միավորման հիմնական հայեցակետերը, ներառյալ հողակտորների մասնատման խնդրի լուծման ռազմավարությունները, հողօգտագործման արդյունավետության բարձրացման մեթոդները և գյուղական տարածքների զարգացման խթանումը։ IADAAM ծրագրի հողերի միավորման փորձագետն ընդգծեց միջազգային լավագույն փորձը, իրավական կարգավորումները և ներկայացրեց մի շարք ռազմավարական առաջարկություններ, որոնք մշակվել են՝ հաշվի առնելով Հայաստանի յուրահատուկ գյուղատնտեսական լանդշաֆտը։
Քննարկումը հնարավորություն ընձեռեց երկխոսելու հողերի միավորման գործընթացի մարտահրավերների և հնարավորությունների շուրջ։ Առանձնահատուկ շեշտ դրվեց թափանցիկ և համընդգրկուն որոշումների կայացման կարևորության վրա՝ ապահովելու համար, որ հողերի միավորման ջանքերը համահունչ լինեն ազգային առաջնահերթություններին և նպաստեն գյուղական համայնքների բարօրությանը։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։