«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում մարտի 12-13 Ջերմուկում տեղի ունեցավ «MAVETAtalks․ կանայք ՄԿՈՒ և գյուղատնտեսության ոլորտում» խորագրով երկօրյա միջոցառում, որին մասնակցեցին ծրագրի գործընկեր ՀԱԱՀ Երևանի գյուղատնտեսական քոլեջի, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի, Գորիսի գյուղատնտեսական պետական քոլեջի և Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանի դասավանդողներ և ուսանողներ, Սյունիքի մարզի աշակերտներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Միջոցառման նպատակն էր բարձրացնել Սյունիքի մարզի դպրոցների աշակերտների հետաքրքրությունը գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ և ցուցադրել ոլորտի առավելություններն ու մասնագետների պահանջարկը։
ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ծրագրով ներդրված դուալ ուսուցմամբ մասնագիտություններն ու արդեն իսկ արձանագրված հաջողությունները։
MAVETAtalks ձևաչափով ելույթների միջոցով ՄԿՈՒ և մասնավոր հատվածի ներկայացուցիչները խոսեցին իրենց փորձի ու հաջողությունների մասին, հղեցին մոտիվացիոն ուղերձներ։
Միջոցառման երկրորդ մասում՝ «Գենդերային հավասարությունը ՄԿՈՒ ոլորտում․ գյուղատնտեսության մեջ արգելքների հաղթահարում և հնարավորությունների ստեղծում» խորագրով պանելային քննարկման ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի գենդերային հավասարության մասնագետ Մարիամ Մելիքյանը ներկայացրեց գենդերային հավասարության և սոցիալական ներառականության վերաբերյալ հայաստանյան վիճակագրությունը՝ համեմատություններ անելով միջազգային փորձի հետ։
Այնուհետև մասնակիցները քննարկեցին գյուղատնտեսական մասնագիտությունների և ոլորտում գոյություն ունեցող գենդերային կարծրատիպերը, խնդիրները և գենդերազգայուն մոտեցումների որդեգրման անհրաժեշտությունը։
Դերային խաղի միջոցով դպրոցականները հնարավորություն ունեցան արտահայտելու գյուղատնտեսական մասնագիտությունների մասին իրենց կարծիքն ու պատկերացումները ոլորտի վերաբերյալ։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ միջոցառման ժամանակ մարզի աշակերտների մասնակցությունն ապահովելու համար։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

