NEWSARM

Պանրի փառատոն՝ Տաշիրում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում Տաշիրի համայնքապետարանը՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի աջակցությամբ հոկտեմբերի 10-ին  կազմակերպեց Պանրի փառատոն։ Փառատոնի միջոցառումը համընկավ Տաշիր քաղաքի հիմնադրման 180-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության հետ։

Փառատոնը նպատակ ուներ խթանել պանրագործությունը՝ որպես զբաղվածություն ապահովող մասնագիտական կարևոր ուղղություն, հանրության լայն շերտերին իրազեկել ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր պանիր և այլ կաթնամթերք արտադրողների գործունեության մասին,  Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին ծանոթացնել գործատուների և թափուր աշխատատեղերի հետ, երիտասարդների շրջանում խթանել կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտությունը։

Առանձին տաղավարներով ներկայացվեցին տեղական տասներկու պանիր արտադրող, ինչպես նաև համայնքային այլ կազմակերպություններ։

Քաղաքի հրապարակում հավաքված տաշիրցիներին ու հյուրերին ողջունեցին Լոռու մարզպետի տեղակալ  Գոռ Ասրյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և այլ պաշտոնյաներ։

Միջոցառման ընթացքում կատարվեց պատմական ակնարկ, որին զուգահեռ՝ Տաշիր քաղաքի օրվա առթիվ, մարզպետի և համայնքապետի անունից պատվոգրեր հանձնվեցին քաղաքի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց։

Լոռու մարզում սոցիալ-տնտեսական գործունեության և ակտիվ համագործակցության համար շնորհակալագիրը մարզպետի անունից «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ  Մկրտիչ Այվազյանին հանձնեց մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։

Այնուհետև փառատոնի այցելուները շրջայց կատարեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված արտադրանքներին, համտեսեցին և գնեցին տեղական արտադրության ավանդական ու ոչ ավանդական պանրատեսակներ, դիտեցին պանրագործության ցուցադրական վարպետաց դասերը։

Միջոցառումն ուղեկցվեց գեղանկարչական, ձեռքի աշխատանքների և 3D մոդելավորման ցուցադրություններով, համերգային ծրագրով։ Կատարումներով հանդես եկան երգիչներ Սևակ Ամրոյանը և Սոնան, ինչպես նաև Տաշիրի մշակույթի տան սաների պարային խումբը և «Սասուն» պարային համույթը՝ ապահովելով ազգագրական երգ-պարը։

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան տոնական միջոցառմանը ներկայացրեց իր ռետրո մեքենաների հավաքածուն։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: