NEWSARM

Համագործակցության նոր ձևաչափ՝ LILA և RECONOMY ծրագրերի միջև

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» և RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրերի շրջանակներում հոկտեմբերի 4-ին համատեղ աշխատանքային քննարկում կազմակերպվեց ԼԻԼԱ ծրագրի շահառու զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների (DMO) ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման նպատակը Like Local թվային հարթակում ԼԻԼԱ ծրագրի թիրախային բնակավայրերի ընտանիքների բացահայտմանն ու ներգրավմանն ուղղված աշխատանքների պլանավորումն էր։

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի համակարգող Ալլա Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի միջամտության ոլորտները, այդ թվում՝ տուրիզմը, դրանց թվայնացման փորձը RECONOMY ծրագրի թիրախային տարածաշրջաններում՝ Արևելյան Եվրոպայում ու Բալկաններում։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանն իր խոսքում ընդգծեց ծրագրի թիրախային՝ Լոռու, Վայոց ձորի, Տավուշի ու Սյունիքի մարզերում կայուն և ներառական զբոսաշրջությունը զարգացնելու և այս համատեքստում գյուղաբնակ ընտանիքներին ընդգրկելու միջոցով Հայաստան այցելող զբոսաշրջիկներին աուտենտիկ զբոսաշրջային փորձառություններ տրամադրելու և դեպի հեռավոր բնակավայրեր զբոսաշրջային հոսքեր ուղղելու կարևորությունը։

Like Local թվային հարթակի հիմնադիր Գևորգ Բաբայանը ընդհանուր տեղեկություններ հաղորդեց հարթակի գործունեության և միջազգային փորձի փոխանակման վերաբերյալ,  ինչպես նաև պատրաստակամությունը ընդգրկելու ԼԻԼԱ ծրագրի թիրախային համայնքներում ինքնատիպ կենցաղով ապրող ընտանիքների, որոնք կկարողանան հյուրընկալել զբոսաշրջիկների և կբավարարեն հարթակին միանալու պահանջները:

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի պատասխանատու Կարինա Հարությանն  այս համատեքստում ընդգծեց զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների դերն այդ ընտանիքներին բացահայտելու, տեղեկությունները ճիշտ հավաքագրելու  և թվայնացնելու գործում։

Հանդիպմանը համագործակցության հուշագրեր ստորագրվեցին զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների և Like Local թվային հարթակի միջև։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։