NEWSARM

Մասնակցություն «Միմինո» հայ–վրացական մշակութային–խոհարարական փառատոնին

Հունիսի 17-ին Դիլիջանում կայացավ «Միմինո» հայ–վրացական մշակութային–խոհարարական փառատոնը, որը կազմակերպել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն «Տուրիզմի հայկական ֆեդերացիայ»-ի հետ համատեղ` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։

Փառատոնի հիմնական նպատակն էր խթանել երկու երկրների տուր-օպերատորների համագործակցությունը, ակտիվացնել ու նպաստել երկու հարևան երկրների միջև զբոսաշրջային այցելությունները,  ամրապնդել մշակութային երկխոսությունն ու ժողովուրդների բարեկամությունը, ինչպես նաև նպաստել գաստրո-զբոսաշրջության զարգացմանը:

Փառատոնին մասնակցեցին նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շահառուներ՝ «Բերկրի» գաստրոբակն՝ իր տավուշյան խոհանոցով ու գինիներով, «Հաղարծին Կում-Կում» թեյերը՝ իր խտացված ֆիտոթեյերով, «Թուրմ» բուսական թեյերը՝ Լոռու սարերից հավաքած բնական թեյախոտերով,  «Արևի» հյուրանոցն իր արկածային և էկո տուրերով, ինչպես նաև ծրագրի շրջանակներում Գոշ բնակավայրում կառուցվող հյուրանոցով:

Ծրագրի շնորհիվ շահառուները հնարավորություն ունեցան տեսանելի և ճանաչելի դարձնելու իրենց  արտադրանքն ու ծառայությունները հազարավոր զբոսաշրջիկների, հայ և վրացի տուր օպերատորների շրջանում,  ընդլայնելու իրենց գործարար կապերը, ձեռք բերելու նոր ծանոթություններ, որոնք կծառայեն իրենց բիզնեսների հետագա զարգացմանը:

Նմանատիպ տարածաշրջանային նախաձեռնություններում ծրագրի շահառուների ներգրավվածությունը համահունչ է ծրագրի երկարաժամկետ նպատակներին, որն է՝ գյուղական բնակչության կենսապայմանների ապահովումը բնական ռեսուրսների պահպանության,  կայուն օգտագործման, կլիմայի փոփոխությանը հարմարվելու և մեղմելու միջոցով:

Գյուղական բնակչության եկամուտները դիվերսիֆիկացվելու են՝ նվազեցնելով գյուղատնտեսությունից և անասնապահությունից ունեցած մեծ կախվածությունը, որպեսզի գյուղացիական տնտեսությունները եկամուտներ ձևավորեն նաև զբոսաշրջությունից, հյուրընկալության և զբոսաշրջության մատակարարման փոխկապակցված արժեշղթաներից:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ, և ֆինանսավորվում է Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից: