NEWSARM

Հիմնադիր ժողովի որոշմամբ հիմնադրվեց Անասնաբույժների Ազգային Ասոցացիա ՀԿ-ն

2018թ. օգոստոսի 3-ին տեղի ունեցավ «Անասնաբույժների ազգային ասոցացիա»  ՀԿ-ի  (այսուհետ՝ ԱԱԱ) հիմնադիր ժողովը: Միջոցառումը կազմակերպվել էր Ռազմավարական Զարգացման Գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի աջակցությամբ՝ «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում և անցկացվում էր Սյունիքի Անասնաշուկայում: Ավելի քան 30 անասնաբույժներ, CARD հիմնադրամի աշխատակիցներ և ՌԶԳ թիմի անդամներ մասնակցեցին միջոցառմանը: Քվեարկության արդյունքում միաձայն որոշում կայացվեց հիմնադրելու ասոցացիա՝ հարակից պետական կառույցների հետ երկխոսության հաստատումն ապահովելու համար, որի արդյունքում հնարավոր կդառնա կենդանիների առողջության արդյունավետ ծառայությունների մատուցումը: Հանդիպման ընթացքում ԱԱԱ-ն ընդունեց իր կանոնադրությունը, ինչպես նաև ընտրեց խորհրդի կազմը՝ բաղկացած ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող 5 անձից: Փորձառու անասնաբույժ Տիգրան Գաբրիելյանը միաձայն քվեարկությամբ ընտրվեց ասոցացիայի նախագահ:

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև կենդանիների առողջությանն առնչվող հարցեր և զարգացման հնարավոր հեռանկարներ: Հիմնախնդիրների շարքում հատկապես առանձնացվեց անասնաբույժների համար բժշկական ապահովագրության բացակայության խնդիրը, քանի որ վերջիններս մասնագիտության բերումով զգայուն են տարբեր վարակների ու հիվանդությունների հանդեպ: Խոսվեց նաև այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են անասնաբույժների հմտությունների ու որոկավորման բարձրացումը, ոլորտի երիտասարդ մասնագետների կրթումը, միջազգային փորձին ծանոթանալու ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը և այլն: Հիմնադիր ժողովն ավարտվեց որոշում կայացնելով կրկին հանդիպել և մշակել առավել ընդգրկուն և հանգամանալի օրակարգ:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *